«ԽԵ» ՀԿ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունվարի 22, 2018
2017 թ. հոկտեմբեր - դեկտեմբեր

2017 թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ – ԴԵԿՏԵՄԲԵՐ

Ներկայացնում ենք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ: «ԽԵ»-ն խաղաղության կառուցման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ճյուղերից է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելը, ԶՈՒ-ում առկա խնդիրների շուրջ հանրային բանավեճի ծավալումը՝ դրանց լուծման առաջարկներ մշակելու եւ իշխանություններին ներկայացնելու միջոցով այդ հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով:


Հաշվետվության թեմաներն են.

    1. ՀՀ ԶՈւ-ում և ԼՂ ՊԲ-ում 2010-2017թթ.-ին գրանցված մահվան դեպքերի վիճակագրությունը
    2. Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը եւ բժշկական փորձաքննությունը
    3. ՀՀ-ում 18-27 տարեկան զինապարտներին արգելվում է լքել երկիրն առանց զինգրքույկի
    4. Զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
    5. Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ
    6. Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ
    7. Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ

1. ՀՀ ԶՈւ-ում և ԼՂ ՊԲ-ում 2010-2017թթ.-ին գրանցված մահվան դեպքերի վիճակագրությունը

Կորուստների թիվը պաշտոնական աղբյուրներում նվազեցվում է

2017թ.-ի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում գրանցված մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ կազմակերպությանը հայտնի դարձած միակ պաշտոնական հայտարարությունը հնչել է 2017թ.-ի դեկտեմբերի 29-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանի տված հարցազրույցում, որում նա հայտնել է, որ տարվա ընթացքում 23 զինծառայող է զոհվել հակառակորդի կողմից կատարված տարբեր գործողությունների, իմա՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ սահմանային իրավիճակի հետ կապ չունեցող միջադեպերի արդյունքում զոհերի թիվը կազմել է 29։ Ստացվում է, որ ըստ նրա՝ բանակում զոհերի թիվն անցյալ տարի 52 է։

2017թ.-ի ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում գրանցված մահվան ելքով 59 դեպքի մասին։ Գրանցվել է 6 սպանության, 8 ինքնասպանության դեպք, 22-ը հրադադարի ռեժիմի խախտման, 9-ը՝ դժբախտ պատահարների, երեքական դեպք՝ անփութության, առողջական խնդիրների եւ անվտանգության կանոնների խախտման արդյունք է, եւս հինգ դեպքում զինծառայողների մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։

Բոլոր դեպքերը տեղադրված են «Խաղաղության երկխոսության» www.safesoldiers.am կայքում, որում տեղադրված են նաեւ 1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում գրանցված, կազմակերպությանը հայտնի մահվան ելքով միջադեպերը, դրանց նկարագրությունն ու զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն։

Կայքի դեպքերի տեղեկատվական բազայի համալրման համար աղբյուր են հանդիսանում լրատվամիջոցներում հրապարակվող նյութերը, քաղաքացիների կողմից՝ իրենց հարազատների վերաբերյալ տրամադրված տեղեկություններն ու գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված կամ հրապարակված վերլուծությունները։ Տվյալների բազան դեռեւս հեռու է ամբողջական լինելու հավակնություններից, մանավանդ, որ պետական կառույցներն, այդ թվում՝ նաեւ ՊՆ-ն, հրաժարվում է կազմակերպությանը մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել։
Գրեթե նույն թիվն է կրկնվում նաեւ իրավիճակին հետեւող հայաստանյան այլ կազմակերպությունների հայտարարություններում եւ հրապարակումներում, օրինակ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր տեղեկանքում արձանագրել է մահացության 60 դեպք։ [Դեպքերից մեկը վերաբերում է 2017թ.-ի հունիսի 3-ին հոսպիտալում (2013-ին զինվորական ծառայության ընթացքում ֆիզիկական վարժության ժամանակ ստացած վնասվածքի արդյունքում առաջացած օստեոգեն սարկոմայից բուժման ընթացքում) մահացած Մայիս Գեղամյանին։]

Չնայած դրան՝ վերոնշյալ հարցազրույցում Վ. Հարությունյանն արձանագրել է մահվան ելքով դեպքերի նվազում: Համեմատելով 2015, 2016 և 2017 թթ.-ին այն դեպքերի թվային տվյալները, որոնք կապված չեն սահմանային իրավիճակի հետ, զինվորական դատախազը հայտարարում է, որ  2015-ին գրանցվել է մահվան ելքով 31 դեպք (safesoldiers.am-ի տվյալներով՝ 37), 2016 թվականին՝ 47 (60), իսկ 2017 թվականին՝ 29  (37):

Ոչ մարտական կորուստների նվազեցման ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկվում

safesoldiers.am կայքի բազայում 2010-2017 թթ.-ի ընթացքում գրանցված մահվան դեպքերի վիճակագրական տվյալներն ուսումնասիրելով (քանի որ պաշտոնական ամփոփ տվյալների բացակայությունը, այլ աղբյուրներից տվյալների հավաքագրման դժվարությունները հաշվի առնելով, համեմատաբար ավարտուն կարելի է համարել 2010-2017թթ.-ի վերաբերյալ վիճակագրությունը), կարելի է տեսնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում կայքում գրանցված կորուստների ընդանուր թիվը կազմել է 531:

Ինչպես երեւում է հետեւյալ աղյուսակում բերված տվյալներից, վերջին ութ տարիների ընթացքում 235 զինծառայող մահացել է հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, իսկ 296 զինծառայողների կորուստը պայմանավորված է, առավելապես, ներքին գործոններով, ինչպիսիք են, օրինակ, զորամասերում անպատժելիության մթնոլորտի ու ամենաթողության հետեւանքով սպանությունների եւ ինքնասպանությունների, նաեւ անփութությամբ պայմանավորված դժբախտ պատահարների կամ առողջական խնդիրներով բանակ զորակոչված զինվորների մահվան դեպքերի հետ։

Հարկ է նշել, որ կայքի նյութերի մեծամասնությունն իր հիմքում ունի հիմնականում պաշտոնական տվյալները։ Այդ պատճառով, որոշ դեպքերում զինծառայողների մահվան իրական պատճառներն անհայտ են մնում հանրության համար (օրինակ՝ սպանությունը կարող է ներկայացվել որպես հրադադարի ռեժիմի խախտում)։

Տ/Թ Ս. ԱԿԽ. ԱԽ. ԴՊ. Ի. ՀԽ. Անփ. Այլ Σ
2010 16 1 13 12 7 11 1 0 61
2011 6 1 4 8 10 11 1 0 41
2012 5 2 5 14 13 12 3 0 54
2013 5 1 5 8 8 5 0 0 32
2014 5 4 3 5 8 26 0 0 46
2015 6 0 4 20 7 39 0 0 76
2016 7 4 2 14 13 109 1 12 162
2017 6 3 3 9 8 22 3 5 59
Σ 56 16 39 90 69 235 9 17 531
  • Ս. – Սպանություններ, 
  • ԱԿԽ. – Անվտանգության կանոնների խախտում,
  • ԱԽ. – Առողջական խնդիրներ, 
  • ԴՊ. – Դժբախտ պատահարներ
  • Ի. – Ինքնասպանություն, 
  • ՀԽ.- Հրադադարի ռեժիմի խախտում,
  • Անփ. – Անփութություն, անգործություն

Այնուամենայնիվ, հիմնվելով www.safesoldiers.am-ում գրանցված տվյալների վրա, պարզ է դառնում, որ 2010-2017թթ.-ին առավել մեծ թվով կորուստներ եղել են

  • հրադադարի ռեժիմի խախտման (235 դեպք),
  • դժբախտ պատահարների (90 դեպք),
  • ինքնասպանությունների (69 դեպք),
  • սպանությունների (56 դեպք) հետեւանքով ։

Նույն ժամանակահատվածում

  • առողջական խնդիրների հետեւանքով մահացել է 39,
  • անվտանգության կանոնների խախտման ՝ 16,
  • պաշտոնական անգործության եւ անփութության արդյունքում՝ 9 զինծառայող։
ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂ ՊԲ-ում 2010-2017թթ.-ին գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն
Մեծացնել պատկերը

17 զինծառայողի մահվան պատճառները կազմակերպության աշխատակիցներին պարզել մինչ այժմ չի հաջողվել։

Ստորեւ բերված գրաֆիկական պատկերը ներկայացնում է մահվան դեպքերի դինամիկան՝ ըստ տարեթվերի։

Ինչպես երեւում է պատկերից, վերջին ութ տարիների ընթացքում նվազագույն թվով զոհեր են եղել  2013 (32 հոգի), իսկ առավելագույնը՝ 2016 թվականին (162 հոգի)։ Հատկանշական է, որ 2013 թ.-ից հետո մինչեւ 2016 թ.-ը յուրաքանչյուր տարի հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհերի թիվն աճել է, իսկ 2016-ին՝ ապրիլյան պատերազմի արդյունքում, արձանագրվեց աննախադեպ աճ։ [Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, օրինակ, նույն 2016 թ-ին զոհերի թիվը կազմել է 175, սակայն «Խաղաղության երկխոսությանն» առայժմ հասանելի այլ, այդ թվում՝ նաեւ պաշտոնական, աղբյուրներից ՀՔԱՎ հաշվետվությունում նշված 13 զոհերի մասին հիշատակում գտնել դեռեւս չի հաջողվել։]

ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂ ՊԲ-ում 2013-2017թթ.-ին մահվան դեպքերի դինամիկան` առանց հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով կորուստների վերաբերյալ տվյալների
Մեծացնել պատկերը

Տեսանելի է նաեւ, որ 2013 թ.-ից հետո հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թվի աճին գրեթե զուգընթաց աճել է նաեւ սպանություններին, ինքնասպանություններին, դժբախտ պատահարներին, առողջական խնդիրներին, անփութությանը եւ այլ պատճառներին զոհ գնացած զինվորների թիվը:

Թվում է, թե զինվորական ծառայության ընթացքում մահացության այս բարձր ցուցանիշները պետք է անհանգստություն առաջացնեին ոլորտին առնչվող պաշտոնական օղակներում։ Կարելի է ենթադրել, որ ոչ մարտական կորուստների նվազեցմանն ուղղված գործողություններին առաջնություն պետք է տրվեր պաշտպանական ոլորտի քաղաքականությունը որոշող փաստաթղթերում, սակայն, չնայած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակական հորդորներին եւ առաջարկներին,  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2017-2019 թթ.-ի գործողությունների ծրագրում այդ ուղղությամբ որեւէ ուղղակի գործողություն այդպես էլ չնախատեսվեց։ Կանխարգելիչ գործողությունների շուրջ «լռում» է նաեւ 2017թ.-ին հանրությանը ներկայացված «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա շրջանակներում ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին » ՀՀ օրենքի նախագիծը։

2. Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը եւ բժշկական փորձաքննությունը

Հերթական այս հաշվետվության շրջանակներում անդրադարձել ենք 2017 թ.-ին ՀՀ ՊՆ-ի կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի «Քաղաքացիների առողջական վիճակի հետազոտումը եւ բժշկական փորձաքննությունը» հոդվածի վերլուծությանը։ Նպատակն է՝ պարզել, թե նախագծով ինչ մեխանիզմներ են նախատեսված, որոնք կօգնեն առողջական խնդիրների պատճառով ծառայությանը «պիտանի՝ սահմանափակումներով» զինապարտներին մինչ զինվորական ծառայության անցնելը տեղեկանալ, թե զինծառայության ո՞ր պայմաններն են հակացուցված իրենց առողջական վիճակին, կամ ինչպիսի՞ սահմանափակումներով ծառայություն է նախատեսվում՝ ելնելով զինծառայողի առողջական վիճակից։

Հիշեցնենք, որ 2017 թ.-ի ապրիլ-հունիս ժամանակահատվածի համար պատրաստված հաշվետվության շրջանակներում ներկայացրել ենք «Զինվորական ծառայության համար պիտանելության «պիտանի` սահմանափակումներով» սահմանման նշանակության անորոշության վերաբերյալ» մեր վերլուծությունը։ Մտահոգություն էինք հայտնել փաստի շուրջ, որ 2015-2017 թթ.-ի ընթացքում կազմակերպությանը դիմած, հայկական զինված ուժերում պարտադիր զինվարական ծառայություն անցնող քաղաքացիների հարազատները մատնանշել են, որ չնայած այն բանին, որ իրենց զավակները առողջական փորձաքննության արդյունքում ճանաչվել են զինծառայության համար պիտանի՝ սահմանափակումով, սակայն զորամասում նրանց նկատմամբ չի գործում որևէ արտոնություն եւ պարզ չէ, թե ինչ կերպ են արտահայտվում նշված սահմանափակումները նրանց ծառայության վրա:

Գործող օրենսդրության համաձայն՝ հիվանդությունների ցանկը սահմանվում է ՀՀ ՊՆ նախարարի 410-Ն հրամանով, սակայն զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումները սահմանվում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գաղտնի հրամանով։

2017 թ.-ի սեպտեմբերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, պահանջել զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճեն: Դատաքննության ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. թիվ 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև arlis.am համակարգում, ինչը, սակայն, մինչ այժմ չի արվել։ Դեկտեմբերի 21-ին դատարանը պետք է արդեն հրապարակեր վճիռը, սակայն, արդյունքում որոշել է չհրապարակել այն եւ շարունակել դատաքննությունը:

Ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի, որն ԱԺ-ն նախորդ տարվա նոյեմբերին երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց, «զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը, հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում որոշվում է զինապարտի կամ զինծառայողի պիտանիության աստիճանը զինվորական ծառայության համար, ինչպես նաև զինվորական ծառայության պայմանները, որոնք հակացուցված են զինապարտի կամ զինծառայողի առողջական վիճակին` սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Նախագծի 17-րդ հոդվածի, 4-րդ կետի համաձայն, հանձնաժողովի կողմից տրվում է զինապարտի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացություն, որը ներառում է զինապարտի առողջական վիճակի ամփոփ նկարագրությունը, զինապարտի պիտանիության աստիճանը զինվորական ծառայությանը: Ըստ նախագծի, զինապարտի առողջական վիճակի վերաբերյալ եզրակացության մեջ, կախված զինվորական ծառայությանը զինապարտի պիտանիության աստիճանից և բժշկական փորձաքննության նպատակից, կարող է նշվել.

1) պիտանի է զինվորական ծառայության կամ ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար,

2) սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար,

3) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար,

4) խաղաղ պայմաններում ոչ պիտանի է զինվորական ծառայության համար,

5) խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.

6) ոչ պիտանի է ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար,

7) կարիք ունի բուժման,

8) ենթակա չէ վարժական հավաքի:

Պետք է արձանագրել, որ ինչպես այժմ գործող օրենքում, այնպես էլ նոր ընդունված օրենքի նախագծում հնարավոր չէ նշմարել, թե զինվորական ծառայության համար սահմանափակումներով պիտանի եզրակացությամբ զինվորական ծառայության անցած զինվորներն ի՞նչ կերպ կարող են ծանոթանալ, թե զինծառայության ո՞ր պայմաններն են հակացուցված իրենց առողջական վիճակին, կամ վերջինից ելնելով ինչպիսի՞ սահմանափակումներով ծառայություն է նախատեսվում։ Այլ իրավական ակտերով խնդիրը չկարգավորելու դեպքում՝ անբարեխիղճ հրամանատարական կազմի, սպաների կողմից հնարավոր հետագա չարաշահումներն այս հարցում կարող են շարունակվել, իրենց առողջական վիճակին հակացուցված ծառայության պայմանների, անթույլատրելի ֆիզիկական վարժությունների արդյունքում՝ կվտանգվեն «պիտանի՝ սահմանափակումներով» եզրակացությամբ զինծառայություն անցնող զինվորների առողջությունն ու կյանքը։

«Խաղաղության երկխոսությունը» խնդիրը այլ իրավական ակտերով կարգավորելու հեռանկարի մասին կփորձի ստանալ ՊՆ-ի պարզաբանումները, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

3. ՀՀ-ում 18-27 տարեկան զինապարտներին արգելվում է լքել երկիրն առանց զինգրքույկի

2017 դեկտեմբերի 28-ին, հայկական մամուլում տեղ գտած նյութերի համաձայն, 18-27 տարեկան արական սեռի քաղաքացիներին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել ինքնաթիռ բարձրանալ։ Սա հիմնավորվել է ՀՀ կառավարության 2017 թ. -ի N 1386 որոշմամբ, ըստ որի «զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով` զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրվում է միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում»:

Նման հիմնավորմամբ քաղաքացիների մեկնելուն խոչընդոտելը «Խաղաղության երկխոսություն» հկ-ն դիտարկում է որպես քաղաքացիների ազատ տեղախաշարժի իրավունքի խախտման դրսեւորում. մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր մարդ ունի ցանկացած (ներառյալ՝ իր սեփական) երկրից մեկնելու իրավունք։

Այդ իրավունքի իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որեւէ սահմանափակում՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

Նշված իրավունքը որոշ ոլորտներում եւս կարող է ենթարկվել սահմանափակումների՝ համաձայն օրենքի եւ, եթե այդ սահմանափակումն արդարացվում է ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով:

  • Ինչպես բխում է վերոնշյալից, այս իրավունքի սահմանափակումը կարող է լինել միայն օրենքով, այլ ոչ ավելի ցածր իրավական ուժ ունեցող ակտով՝ կառավարության որոշմամբ։
  • Քաղաքացու իրավունքի սահմանափակման պարագայում անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի պետությունը հիմնավոր փաստարկներ ներկայացնի առ այն, որ կոնկրետ քաղաքացու տեղաշարժի իրավունքի սահմանափակումն անհրաժեշտ միջոց էր պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար։
  • Բացի այդ, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի պետությունը հիմնավոր փաստարկներ ներկայացնի առ այն, որ նման սահմանափակումը բխում է ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով:

Եթե անգամ համարենք, որ սահմանափակումն իրավականորեն հիմնավորված քայլ է եղել, միեւնույնն է, մարդիկ պատշաճ կերպով տեղեկացված չեն եղել փոփոխված կարգի վերաբերյալ, հետեւաբար՝ պարտավոր չեն եղել օդանավակայան ներկայանալիս իրենց հետ տանել սահմանը հատելու համար ոչ պարտադիր փաստաթուղթ հանդիսացող զինվորական գրքույկը։ Զինվորական գրքույկն ընդամենը զինվորական ծառայության հետ անձի հարաբերությունը հավաստող փաստաթուղթ է, պետական սահմանը հատելու համար օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթուղթ չի հանդիսանում ։

Այս կապակցությամբ «Խաղաղության երկխոսությունը» հայտարարություն է հրապարակել՝ կոչ անելով բոլոր նրանց, ում մեկնումը խոչընդոտվել է վերոնշյալ հիմքով, կապ հաստատել կազմակերպության հետ՝ գործողության իրավական հիմքերը բողոքարկելու նպատակով:

4. Զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Դավիթ Վահեի Տերտերյանի մահվան դեպքի առթիվ։Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության, 2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանի դին:
Դեպքի վայրի և դիակի նախնական զննության արդյունքներով առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Ծանոթանալով մինչ այժմ կատարված քննության նյութերին՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ԽԵ փորձագետ Ռ. Մարտիրոսյանը պարզել է.

  1. Գործի փաստերը վկայում են, որ Տերտերյանի համածառայող Ս. Համազասպյանը, կատարելով դիրքի ավագի պարտականություններ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, 2016թ.-ի հունվար-փետրվար ամիսներին պարբերաբար փորձել է ճնշել, ստորացնել Դ. Տերտերյանին, բռնություն է գործադրել նրա նկատմամբ՝ ստանալով, սակայն, արժանի հակահարված։ Այս մասին տեղյակ են եղել Ստեփանակերտի ՌՈ բաժնի աշխատողները, սակայն որևէ քայլ չեն ձեռնարկել, Ս. Համազասպյանին չեն պատժել, ինչով էլ հող են նախապատրաստել Դ. Տերտերյանի սպանության համար։
  2. Ըստ մեղադրյալ Ս. Համազասպյանի ցուցմունքների և բացատրությունների՝ առաջինն ինքն է լսել հենակետի դիտակետից (որտեղ գտնվել է Դ. Տերտերյանը) արձակված կրակոցի ձայնը, առաջինն է գնացել դիտակետ և տեսել, որ Դ. Տերտերյանը սպանված է, նրան «գլխից խփել են»։
  3. Ս. Համազասպյանի և հենակետի մյուս վեց զինծառայողների ցուցմունքները հակասում են միմյանց.

ա. Հենակետի բոլոր զինծառայողների դեմքերին հայտնաբերվել են պղնձի մետաղացման հետքեր, այսինքն՝ նրանք բոլորը կրակոցի պահին եղել են Դ. Տերտերյանի հետ նույն տարածքում,

բ. Ս. Համազասպյանի ձմեռային համազգեստի աջ թևքի վրա հայտանաբերվել է անտիմոնի հետքեր. «անտիմոն» կոչվող մետաղը բնության մեջ գոյություն չունի, այն առաջանում է կրակոցի պահին պարկուճի մեջ վառոդի այրումից։ Այս փաստը միանշանակ ապացույցն է այն բանի, որ դեպքի պահին դեպքի վայրում Ս. Համազասպյանը կրակել է և, հավանաբար, ինքն էլ սպանել է Դ. Տերտերյանին։

  1. Դեպքից հետո դիրքի զինվորները դիրքի ավագ կապիտանի գլխավորությամբ ոչնչացրել են դեպքի վայրը, ինչպես նաև դիակը դուրս են բերել դեպքի վայրից։

Քննիչը հիմք է ընդունում ոչ թե դատաբժշկի փորձաքննությունը, ըստ որի ճակատի շրջանում հրազենային վնասվածք ստանալուց անմիջապես հետո Դ. Տերտերյանը մահացել է, այլ դիրքի զինծառայողների ցուցմունքը, ըստ որոնց կրակոցից հետո Դ. Տերտերյանը դեռ երկար ժամանակ, իբր, ողջ է եղել։

5. Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ

A delusive investigation of a double murder case.Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ ՊՆ Սևանի կայազորի Վարդենիսի ՌՈ բաժնի կողմից 2016թ.-ի ապրիլի 6-ին ՀՀ ՔԿ ՎՔԳՎ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժին տրված հեռախոսագրի համաձայն, 2016թ.-ի ապրիլի 5-ի, լույս 6-ի գիշերը, ժամը 02։30-03։00-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում ՀՀ ՊՆ 75937 զորամասի հրետանային կրակային դիրքում ՀՀ ՊՆ 28418 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանն ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել են, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ Հակոբ Գևորգյանը և Արեգ Բաղդասարյանն ստացել են ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի մարտին նախաքննական մարմինը երկու զինծառայողների սպանության միասնական գործը բաժանել է երկու մասի և Գ.Ավետիսյանի սպանության մասն ուղարկել դատարան։ Այս որոշման պատճեն տուժող կողմը կարողացավ ստանալ միայն մայիս ամսին և բողոքարկեց այն։

Դատախազություն-ՔԿ համակարգը սահմանված կարգով չպատասխանեց բողոքին։ Այս անգործության դեմ բողոքն ստիպված ուղարկվեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Չնայած բողոքն ուղարկելուց անցել է արդեն 5 ամիս, սակայն դատարանը պարբերաբար հետաձգում է դատական նիստերը, և մինչ օրս դեռևս ոչ մի դատական նիստ տեղի չի ունեցել բողոքը լսելու համար։

Դրա հետ մեկտեղ, նախաքննական մարմինն անընդհատ իր մոտ է հրավիրում սպանվածի զինվորներից մեկի հայր Հ. Ավետիսյանին՝ սպառնալով չներկայանալու դեպքում բերման ենթարկել նրան։ Դա այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ Հ. Ավետիսյանը ցուցմունք է տվել այս կեղծ մատնության փաստով հարուցված գործով և սպառիչ կերպով պատասխանել է քննիչի բոլոր հարցերին։

6. Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատաքննության հետ կապված տեղեկություններ

Manuchar ManucharyanԸստ ՊՆ-ի կողմից տարածած հաղորդագրության, 2013թ․-ի հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում, Քանաքեռի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը, գտնվելով պահակակետի դիտաշտարակում, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:

Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

02.11.2017թ.-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվեց տուժող կողմի, ինչպես նաև ամբաստանյալներից մեկի պաշտպանի բողոքը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Ա. Մկրտչյանի կայացրած վճիռի դեմ։ Նշենք, որ մերժելով կողմերի միջնորդությունը, վերջինս ապացուցված էր համարել այն, որ  Մ. Մանուչարյանն ինքնասպանություն է գործել և մեղադրյալներ Գաբոյանին ու Ստեփանյանին դատապարտել էր տարբեր ժամկետների ազատազրկման։

Առաջինը վերաքննիչ դատարանին իր բողոքը ներկայացրեց տուժող կողմը։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ԽԵ-ի փորձագետ Ռ. Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են Մանուչարյանի սպանության գործը կոծկելու մեջ, միջնորդեց, որպեսզի իր հաղորդումը դատարանը փոխանցի համապատասխան պատկան մարմիններին։

Պաշտպանական կողմը բողոքում ուշադրություն էր հրավիրել  վկաների ցուցմունքներում առկա հակասություններին, ինչպես նաև դատարանում վկաների արած այն հայտարարությունների վրա, որ իրենցից ցուցմունքները կորզվել են։ Ռ. Մարտիրոսյանն էլ դատարանի ուշադրությունը հրավիրեց մեկ այլ փաստի վրա. խոսքը կրկին գնում է Մ. Մանուչարյանի տաբատի մասին, որի աջ ազդրի շրջանում գործով քննիչը հայտնաբերել ու ընթերականերով արձանագրել է 5 մմ տրամաչափով անցք՝ շուրջն այրված, անցքից ներքև՝ արյան մեծ հետքով։ Տուժող կողմը դեռեւս առաջին ատյանի դատարանում համոզմունք էր հայտնել, որ վնասվածքն արդյունք է հրազենային կրակոցի և, որ դա, ըստ էության, կույր հրազենային վնասվածքի մասին է վկայում, ինչն անհերքելի ապացույց է, որ Մ. Մանուչարյանին սպանել են։

Ռ. Մարտիրոսյանը նշեց նաև, որ հաղորդում է տվել փորձագետների կատարած հանցագործությունների մասին, ովքեր կոծկել են նշված փաստը, հայտնեց,  որ իր «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումը նախաքննական մարմինը պարտավոր է քննության առնել՝ մերժել կամ օրինական ընթացք տալ, սակայն նախաքննական մարմինն այն ուղարկել էր առաջին ատյանի դատարան, որպեսզի առաջին ատյանի դատարանը քրեական գործի հետ համատեղ դրան ընթացք տա։ Նախագահող դատավոր Ա. Մկրտչյանը, սակայն, իր վճռում ընդհանրապես չի անդրադարձել այս փաստաթղթին։ Ավելին, մերժել է վնասվածքի առաջացման մեխանիզմները, վաղեմության ժամկետը պարզելու նպատակով վերը նշված տաբատը նոր փորձաքննության ուղարկելու վերաբերյալ տուժողի միջնորդությունը։ Փորձաքննություն կատարելու տուժող կողմի միջնորդությունը մերժելու իր որոշման մեջ նախագահողը նշել էր, որ տաբատի հետ կապված հակասությանը կանդրադառնա վճիռ կայացնելիս, սակայն վճռում այս մասին խոսք անգամ չկա։

Ելնելով վերոհիշյալից՝ տուժող կողմը միջնորդեց Մ. Մանուչարյանի ինքնասպանության գործով կայացնել արդարացման վճիռ, և գործը հետ ուղարկել։ Մեղադրող Ամիրյանը դատարանին միջնորդեց մերժել տուժող կողմի միջնորդությունը։ Նա իր մերժումը հիմնավորեց հետեւյալ փաստերով

ա) Մ. Մանուչարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ վերջինիս ազդրի շրջանում վնասվածք չի հայտնաբերվել,

բ) գործով կատարված Մ. Մանուչարյանի հագուստների դատաձգաբանական-դատահետքաբանական փորձաքննությամբ Մ. Մանուչարյանի տաբատի վրա վնասվածք չի հայտնաբերվել։

Քննությունը շարունակվում է։

7. Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ

H.HambaryanՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։
2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Շարունակվում է Հ. Համբարյանի գործի քննությունն «ինքնասպանություն» վարկածով: Ի դեպ, քննությունը շարունակում է հենց այն նույն քննչական բաժինը, որը նախկինում «ապացուցել» էր, որ Հ. Համբարյանն առանց որևէ պատճառի ինքնասպան է եղել։ Հիշեցնենք, որ Հ. Համբարյանի գործը դեռ 2016թ.-ին «ինքնասպանություն» վարկածով կարճվել էր, իսկ դատարանի կողմից կարճման վերացումից հետո նախաքննական մարմինը շարունակում է գործը քննել նույն ինքնասպանության վարկածով, չնայած բոլոր փաստերը վկայում են, որ կատարվածն սպանություն է։

Ամիսներ առաջ դատավոր Դ. Սարգսյանը մեկ տարի ուշացումով քննության էր առել տուժող կողմի բողոքը և որոշում էր կայացրել մի շարք զինծառայողների հարցաքննելու, մի շարք այլ քննչական գործողություններ կատարելու, փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ։ Այժմ նա հայտարարում է, որ պաշտպանական կողմը ներկայացրել է արագացված դատաքննություն կատարելու միջնորդություն եւ, եթե տուժող կողմը չներկայանա դատական նիստին, ապա կբավարարի նշված միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող երկու ամբաստանյալները խոստովանում են իրենց մեղքն, ու դատաքննությունը դրանով էլ ավարտվում է. հարցաքննելու նպատակով վկաներ չեն հրավիրվում, ապացույցներ չեն հետազոտվում։


QUARTERLY REPORT ON THE HUMAN RIGHTS SITUATION IN THE ARMED FORCES / VOL.6Ներբեռնել pdf տարբերակով. «ԽԵ» ՀԿ-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (2017 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ – ԴԵԿՏԵՄԲԵՐ) (pdf, 295 Kb)