Ո՞ՒՐ ԷԻՔ ԴՈՒՔ ՄԻՆՉ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Ապրիլի 15, 2016
Arena
Լուսանկարները` © 2016, ԽԵ, «Արենա` առաջնորդության դասընթաց»: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

«Արենան իր առջեւ խաղաղասիրական ցանցի ստեղծման եւ պահպանման նպատակ է դրել։ Նման ցանցը փորձի փոխանակում է, այլոց աչքերով նաեւ սեփական իրավիճակին նայելու, սեփական կոնտեքստից դուրս գալու հնարավորություն, կարողությունները, հմտությունները զարգացնելու հնարավորություն է։ Այս ծրագիրը համարյա բոլոր այս չափանիշներին համապատասխանում է. տարբեր մարդիկ կան, տարբեր փորձով (անգամ 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող եւ երիտասարդ խաղաղասերներ) եւ մեզ բոլորիս համար հետաքրքիր է միասին, անգամ հիերարխիա չկա՝ մեկս մյուսին հարգում ենք եւ միմյանցից սովորում», – այսպիսին է «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» ծրագրի շրջանակներում ձեւավորված խաղաղասիրական ցանցն այդ ցանցի ուկրաինացի մասնակցի աչքերով։

«Ես միշտ պատասխանում եմ, որ մենք ոչ թե այս կոնֆլիկտից հետո, այլ ապագա կոնֆլիկտից առաջ ենք անում մեր աշխատանքը,» – Գորան Բոժիչեւիչ

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Արենա» ծրագիրն իրականացվում է նախկին խորհրդային երկրներում (ՌԴ, Ուկրաինա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան), որոնց միավորում է տարիներ շարունակ ձգձգվող կամ վերջերս սաստկացած չլուծված հակամարտությունների առկայությունը։ Այս երկրների հասարակություններին հատուկ է անտարբերության, վախի մթնոլորտի առկայությունը, մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները եւ հասարակության լայն շերտերի մոտ քննադատական մտածողության բացակայությունը, ինչի արդյունքում հասարակական կազմակերպությունների, մարդու իրավունքների ակտիվիստների համար դժվարանում է խաղաղասիրության եւ իրավապաշտպանության ուղղություններով աշխատելը՝ հասարակության լայն շրջանների կողմից աջակցության բացակայության պայմաններում. խաղաղասիրական կազմակերպություններն եւ ակտիվիստները, շատ դեպքերում, կտրված են իրենց հասարակություններից, մեկուսացված։

Ծրագրի, որի հիմնական նպատակներից է լինելու համայնքային մակարդակով իրականացվող խաղաղասիրության համար համապատասխան արդյունավետ ռազմավարությունների մշակումը, այս տարվա առաջին համատեղ հանդիպումը կայացավ ապրիլի 9-12-ին։ Առաջնորդության թեմային նվիրված աշխատանքային հանդիպման դասընթացավարները նաեւ «Արենայի» իրականացման գործում «Խաղաղության երկխոսության» գործընկեր գերմանական «Օվեն» կազմակերպության ներկայացուցիչներ Մարինա Գրասսեն, Միրելլա Գալբիատտին էին, ինչպես նաեւ Խորվաթիայից հրավիրված Գորան Բոժիչեւիչը։ Ծրագրի առաջին փուլում՝ նախորդ տարի, առաջնորդության վերաբերյալ դասընթացի ներկա գտնվելու ցանցի անդամների ցանկության արդյունքում է նման աշխատանքային հանդիպում նախաձեռնվել «Արենայի» աշխատակազմի կողմից։

Goran Bozicevic

Լուսանկարում` Գորան Բոժիչեւիչ:
© 2016, ԽԵ, Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

Գորան Բոժիչեւիչը, որն իր հայրենիքում խաղաղասիրությամբ զբաղվելու երկարամյա փորձ ունի, մասնակիցներին ներկայացրեց բալկանյան հակամարտությունների, ինչպես նաեւ խորվաթասերբական հակամարտության արդյունքում երկու մասի (սերբական եւ խորվաթական) բաժանված փոքրիկ Պակրաց քաղաքում անմիջապես պատերազմից հետո՝ 92 թ. սկիզբ առած խաղաղասիրական միջազգային շարժման պատմությունը, որը լի է եղել ակտիվիստների կողմից առաջնորդության դրսեւորումներով։

«Մարդիկ շատ հաճախ զայրանում են, հարցնում, ո՞ւր էիք դուք մինչ կոնֆլիկտը, ինչի մինչեւ այդ չէիք անում ձեր այս դասընթացները։ Ես միշտ պատասխանում եմ, որ մենք ոչ թե այս կոնֆլիկտից հետո, այլ ապագա կոնֆլիկտից առաջ ենք անում մեր աշխատանքը։ Այն, ինչ մենք ասում ենք այլ մարդկանց, դա ոչ մի նշանակություն չունի, ոչ մի ազդեցություն չի ունենում նրանց վրա։ Ամենագործուն մեթոդն այն է, թե ինչպես ենք մենք ապրում եւ ինչպես ենք վարվում այս կամ այն դեպքում. առաջին հերթին հենց դա են տեսնում եւ գնահատում», – խաղաղասիրական առաջնորդության մասին իր տեսակետն այսպես ձեւակերպեց Գ. Բոժիչեւիչը։

Իսկ «Արենայի» մասնակիցները, ըստ նրա, արդեն առաջնորդներ են իրենց հասարակություներում. «Խաղաղասիրությունը երկար եւ տանջալից աշխատանք է, նրանով զբաղվելը մեծ կամք եւ առաջնորդի հատկանիշներ է պահանջում։ 10-15 տարի հետո Արենայի շրջանակներում ձեւավորված ցանցը կարող է եւ չլինել, բայց այս մարդկանց աշխատանքը, որոնք իրենց երկրներում խաղաղություն են կերտում, կարող է միայն 30 տարի հետո մեծ արդյունքի հասցնել։ Կարող են անգամ ասել՝ եթե չլինեին նրանք ու իրենց աշխատանքը՝ մենք հիմա չէինք ունենա այն լավ իրավիճակը, որն ունենք։ Ցանցում ներգրավվածներն այն մարդիկ են, ում շնորհիվ պետք է անցում կատարվի պատերազմի մշակույթից՝ խաղաղության մշակույթի»։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել Արմինե Զաքարյանին՝ zarmine@peacedialogue.am

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus