«ԱՐԴԱՐԱԴԱՏԱՐԱՆՆ» ԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՐԵՑ

Հունիսի 10, 2013
Լուսանկար` © 2013, ԽԵ, «Արդարադատարան»

Երեկ՝ հունիսի 8-ին, «Արդարադատարանը», նախագահությամբ դատավոր Գարեգին Արդարադատյանի (փաստաբան Կարեն Թումանյան), իր անդրանիկ նիստում իր առաջին վճիռը կայացրեց… հանուն «Խաղաղության երկխոսության»:

Վանաձորի «Գրին Հաուս» հյուրատան դահլիճում հավաքված մի քանի տասնյակ վանաձորցիներին ներկայացված, կոնֆլիկտի մոդելավորման մեթոդոլոգիայով պատրաստված, դատախաղի հիմքում իրական պատմություն էր: Զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ բեմականացված դատական քննության ընթացքում հանդիսատեսն ինքն ստանձնեց դատական նիստում ներգրավված կողմերի դերերն ու դատի ընթացքում ձգտում էր հասնել արդարության՝ ըստ ստանձնած կերպարի ընկալման:

Դատարանը լսեց գործի հանգամանքները, վկաներին, ամբաստանյալներին՝ իրենց ծառայակցին ալկոհոլի ազդեցության տակ ծեծի ենթարկած, անզգուշությամբ մահվան հասցրած զինվորներին եւ զորանոցի հերթապահ սպային, ով թեեւ չէր մասնակցել ծեծկռտուքին, սակայն ժամանակին չէր էլ կանխել զինվորների՝ ոգելից խմիչք օգտագործելը զորամասում, ավելին, ինքն էլ հաճույքով մասնակցել էր նրանցից մեկի ծննդյան խնջույքին:

Հանգամանքները պարզելուց, մեղադրական եւ պաշտպանական կողմերի վիճաբանության փուլից հետո դատարանը հրապարակեց վճիռը. անփույթ սպան ամենաերկար՝ 6 տարի ժամկետով դատապարտվեց, Կռիվը հրահած սերժանտի հետ միասին, իսկ ծեծկռտուքի մասնակից մյուս զինվորը՝ 4:

Իրականում, սույն գործով դատավարության արդյունքում, սպան ամենամեղմ պատժի է արժանացել եւ համաներմամբ ազատ արձակվել հենց դատարանի դահլիճից, իսկ անզգուշությամբ համածառայակցին սպանած զինվորները դատապարտվել են երկար ժամանակով:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» երկամյա ծրագրի շրջանակներում կազմակերպված դատախաղը նպատակ ունի հասարակության ուշադրությունը սեւեռել հայկական զինված ուժերում առկա խնդիրների վրա: Կազմակերպության աշխատակազմի համոզմամբ, բանակում մարդու իրավունքների խախտման դեպքերի առատությունը, խաղաղ պայմաններում մահվան դեպքերի զգաստեցնող վիճակագրությունը (միայն այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է մահվան ելքով 13 դեպք) բանակում, սպաների, արդյունքում՝ նաեւ զինվորների շրջանում առկա անպատժելիության մթնոլորտի, ինչպես նաեւ թույլ վերահսկողության (հատկապես՝ նաեւ քաղաքացիական վերահսկողության բացակայության) արդյունք է:

Մաhվան ելքով միայն վերջին մի քանի ցավալի միջադեպերի օրինակով կարելի է եզրակացնել, որ բանակում գողական բարքերը գերադասվում են կանոնադրական հարաբերություններին: Շատ սպաներ աչք են փակում այդ երեւույթի վրա, անգամ իրենք էլ նպաստում դրան՝ իրենց պարտականությունները հարկ եղած կերպով չկատարելու համար: Այս ամենին կարելի է ավելացնել նաեւ կոռուպցիան բանակում, քննչական մարմիններում եւ արդարադատության համակարգում: ՊՆ-ն եւ ՀՀ իշխանությունները բնավ հետեւողական չեն խնդրին լուծում տալու հարցում, ավելին, նախաքննական եւ դատական կառույցների միջոցով շատ դեպքերում ամեն կերպ ձգտում են կոծկել սպաների թերացումները, երբեմն էլ, անգամ, հանցագործությունները:

Զինվորն, ում իրավունքները ոտնահարվել են, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի (ով պետք է լիներ գերագույն արժեք, իրեն ժողովրդավար համարող ցանկացած երկրում), զրկված է հնարավորությունից՝ վերոնշյալ կառույցների օգնությամբ արդարությունը, իր իրավունքները վերականգնելու:

Դատախաղից հետո, կարճ քննարկման ընթացքում մասնակիցներն ու հանդիսատեսը կիսեցին տպավորությունները: Կարծիքներ եղան, որ այն հնարավորություն տվեց մասնակիցներին՝ առավել լավ տեղեկանալու դատական գործընթացին, նրբություններին: Դատախաղը հնարավորություն տվեց նրանց՝ սեփական մաշկի վրա զգալու այն ամենը, ինչի միջով անցնում են դատական գործընթացի մասնակիցները: Սակայն, առավել կարեւորն այն էր, որ ոմանք մինչ այդ տեղեկացված չէին բանակում առկա խնդիրների մասին, երբեւէ չէին էլ մտածել այդ ուղղությամբ եւ, որ դատախաղից հետո «…պետք չէ այդ մասին բարձրաձայնել» եւ այլ, նման կարծիքներ չեղան:a

ԽԵ-ն մտադիր է եւս չորս «Արդարադատարան» կազմակերպել՝ Հայաստանի այլ քաղաքներում էլ, հաջորդը, ակնկալվում է, կկայանա Ալավերդում:

«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է Pax կազմակերպության աջակցությամբ:

pax-ը նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն: