ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՂԱՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵՒԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՒՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Հուլիսի 14, 2013
Լուսանկարը` © 2013, ԽԵ, Արմինե Զաքարյանի

2013թ.-ի հուլիսի 5-9-ը Ստամբուլում կայացավ նիդեռլանդական IKV Pax Christi կազմակերպության եւ նրա հարավ-կովկասյան գործընկերների հանդիպումը, որի նպատակը խաղաղասիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար ռազմավարական պլանավորման նոր մեթոդաբանության համատեղ մշակումն ու զարգացումն էր: Հանդիպման մասնակիցները` Լեռնային Ղարաբաղի, վրաց-օսեթական եւ վրաց-աբխազական հակամարտությունների մեջ ներգրավված հասարակությունների ներկայացուցիչները, հնարավորություն ունեցան մանրամասն ու խորապես ներկայացնելու եւ վերլուծելու Հարավային Կովկասում առկա հակամարտությունների արդյունքում ստեղծված իրականությունը, ինչպես նաեւ՝ խոսեցին այս համատեքստում գործելու իրենց հնարավորությունների, կարիքների եւ ընկալումների մասին:

Աշխատանքային հանդիպումը վարելու նպատակով Ռումինիայից հատուկ հրավիրվել էր ՊԱՏՐԻՐ (PATRIR) հասարակական կազմակերպության խաղաղասիրական օպերացիաների բաժնի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Կայ Ֆրիտյոֆ Բրենդ-Յակոբսենը: Առաջնորդվելով IKV Pax Christi-ի եւ PATRIR-ի տասնյակ հակամարտությունների մեջ ներգրավված տարածաշրջաններում երկարատեւ աշխատանքի փորձի հիման վրա մշակված մեթոդաբանությամբ, հարավ-կովկասյան կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում մշակեցին իրենց կազմակերպությունների՝ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը նպաստող գործունեության ռազմավարությունը՝ ելնելով սեփական փորձի, գործունեությունից քաղված դասերի եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի իրենց իմացությունից:

«Խաղաղության երկխոսություն» հկ-ի եւ իր ադրբեջանական ու ղարաբաղյան գործընկերների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքը առաջիկա 3 տարիների ընթացքում ուղղված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում քննադատական ընկալումներով հասարակական խմբերի ձեւավորմանը, ովքեր տեղական մակարդակում հասարակական-քաղաքական եւ քաղաքացիական գործընթացներում ակտիվ մասնակցության միջոցով կնպաստեն տարածաշրջանում բարեփոխումների եւ խաղաղության ձեռքբերմանը:

Նախատեսվում է գործունեություն ծավալել չորս հիմնական ուղղություններով․ նպաստել հասարակական լրատվամիջոցներով իրականացվող ռազմական քարոզչության ազդեցության չեզոքացմանը,քաղաքական եւ հասարակական գործընթացներում կանանց դերի բարձրացմանը, հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում քաղաքացիների անտարբերության վերացմանը, նրանց ակտիվացմանն ու խաղաղասիրական գործընթացներում ներգրավմանը, ինչպես նաեւ՝ նշված հասարակություներում ռազմականացման միտումներին դիմագրավելու գործում քաղաքացիների դերի բարձրացմանը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ի հայտ եկած գաղափարները կօգտածվեն մասնակիցների կողմից համատեղ ծրագրերի մշակման գործում: Բացի այդ, հանդիպման ընթացքում օգտագործված՝ խաղաղասիրական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ռազմավարական ծրագրի մշակման մեթոդաբանությունն էլ, որոշակի գործնական փորձաշրջան անցնելուց հետո, կտպագրվի ձեռնարկի տեսքով եւ հասանելի կլինի այս ոլորտում աշխատող այլ կազմակերպությունների եւ ակտիվիստական խմբերի համար էլ: