ՕՆՈՒՐ ԹԱՀՄԱԶ. ԹՈՒՐՔԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ՏՐԱՆԶԻՏ

Հունվարի 28, 2013

Բագրատաշենի սահմանակետում վրաց-հայկական սահմանը հատելուն պես, ճանապարհորդությունս շարունակելու նպատակով մի մեքենա նստեցի:
– Որտեղի՞ց ես, – ուշադրությամբ երկար, լուռ նայելուց հետո վերջապես հարցրեց վարորդը:
– Թուրքիայից, – պատասխանեցի:
– Որտեղի՜ց, Թուրքիայի՞ց, թո՞ւրք ես, – զարմանքն ու անհանգստությունը, ինչ-որ տեղ նաեւ ագրեսիան չթաքցնելով նորից հարցրեց վարորդը:
– Ո՛չ,- չկորցրեցի ինձ,- գերմանացի, ազգությամբ գերմանացի եմ…

«Խաղաղության երկխոսության» գրասենյակում հունվարի 22-ին վանաձորցիների հետ կայացած հանդիպման ընթացքում պատմում է ազգությամբ թուրք Օնուր Թահմազն ու շարունակում.
«Որոշ ժամանակ անց վարորդն ասաց.

– Երկար ճանապարհ ես եկել, հոգնած կլինես, գնանք մեր տուն, կճաշենք միասին, մի փոքր կհանգստանաս, ու նոր կշարունակես ճանապարհդ…

Չնայած որ քիչ չեմ ճանապարհորդում, սակայն նման հյուրասիրություն չէի տեսել ոչ մի տեղ, ոչ մի երկրում: Վարորդը ծանոթացրել է Օնուրին իր ընտանիքի հետ: Ճաշելիս ոգեւորությամբ պատմում էր, թե որքան շատ չի սիրում թուրքերին եւ, ընդհանրապես, մուսուլմաններին: Թուրք երիտասարդը վախից անգամ թաքցրել է իր թուրքական անձնագիրն ու թուրքական ինքնությունը մատնող բոլոր փաստաթղթերը: Իսկ վերջում՝ հյուրասեր տանտերերի հետ լուսանկարվելուց հետո, տվել նրանց հորինված գերմանական հասցե, որպեսզի կասկածներ չառաջանան:

Այժմ Օնուրը պատրաստվում է ուղարկել նրանց իրենց համատեղ լուսանկարները ու ներողություն խնդրել իրականությունը թաքցնելու համար:Երիտասարդ ակտիվիստ Օնուր Թահմազի եւ «Խաղաղության երկխոսության» համագործակցությունն արդեն շուրջ երկու տարվա պատմություն ունի: Այս համագործակցության հիմքը դրվեց գերմանական Միթ Օսթ (MitOst) եւ Քրիսպ (CRISP) կազմակերպությունների եւ Վրաստանում գործող Այրիս Գրուպ-ի (Iris Group) նախաձեռնությամբ դեռ 2010-ից իրականացվող Joint Civic Education ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նպատակ ունի հզորացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին Հարավային եւ Հյուսիսային Կովկասում եւ Թուրքիայում զարգացնել տարածաշրջանում գործող ակտիվիստների կարողությունները, մասնավորապես՝ քաղաքացիական կրթության բնագավառում:

Տարածաշրջան այցելելուն պես, Օնուրը շտապել էր հանդիպել ծրագրի շրջանակներում ձեռք բերած վանաձորցի ընկերներին: «ԽԵ» գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում թուրք ակտիվիստը պատմեց ճանապարհորդության ընթացքում Լեռնային Ղարաբաղ, Վրաստան եւ Ադրբեջան կատարած այցելությունների մասին իր տպավորությունների, տեղի ունեցած հանդիպումների եւ բացահայտումների մասին, կիսվեց իր մտահոգություններով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հիմնահարցերի վերաբերյալ:

– Երբ ադրբեջանցի ընկերներիս ասում էի, որ մեկնում եմ Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան, նրանք նախ զարմանում, այնուհետ փորձում էին զգուշացնել ինձ, որ դա վտանգավոր է: Չնայած որ իրականում այստեղ արժանացա մեծ հյուրասիրության եւ հետաքրքվածության անձիս նկատմամբ, միեւնույն ժամանակ զգացի որքան կարծրատիպեր գոյություն ունեն մեր հասարակություններում միմյանց նկատմամբ, թե որքան քիչ հնարավորություն ունենք այժմ միմյանց իրականում ճանաչելու համար:

Միարժամանակ նշում է, որ, հասկանալի պատճառներով, Թուրքիայում այժմ թե՛ մամուլում եւ թե՛ հասարակության շրջանում ավելի լայն քննարկման են արժանանում Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված զարգացումները, քան 1915 թ.-ի Հայոց Ցեղասպանության եւ պատմության այս էջերի հետ կապված հարցերը: Անրադառնալով այս թեմային Օնուրը եւ հանդիպման մասնակիցները քննարկեցին նաեւ, թե ինչպես են այս հարցին անրադառնում պատմական գիտական եւ հանրամատչելի աղբյուրները, եւ թե ինչպես են այդ մեկնաբանությունները անդրադառնում երկրների ներսում խնդրի շուրջ հասարակական ընկալման վրա:

– Իհարկե այս երկու խնդիրն էլ շուտափույթ լուծում է պահանջում, սակայն կարծում եմ այս երկների իշխանությունները պետք է ուժ գտնեն իրենց մեջ, ցուցաբերեն քաղաքական կամք եւ բացեն սահմանները՝ հնարավորություն տալով հասարակ քաղաքացիներին շփվելու, միմյանց այցելելու եւ համագործակցելու համար: