ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Հունիսի 17, 2014
Լուսանկարը` © 2014, ԽԵ, «Ներկայիս քաղաքական եւ քաղաքացիական զարգացումները՝ հայ երիտասարդների աչքերով»: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

Շուրջ երկու շաբաթ է, ինչ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն իր «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում իրականացնում է մի հետազոտություն` ուղղված երիտասարդների շրջանում քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումների և արժեքների ուսումնասիրությանը: Ըստ նախագիծն իրականացնող անձնակազմի՝ նպատակը Հայաստանում եւ տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ երիտասարդների դիրքորոշումը պարզելն ու արձանագրելը չէ միայն: Առավել հետաքրքրիր է երիտասարդների քաղաքական եւ քաղաքացիական ընկալումների փոխկապակցվածությունն ուսումնասիրել՝ Հայաստանում անվտանգության հիմնախնդիրների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վերաբերյալ նրանց ունեցած վերաբերմունքի եւ դիրքորոշումների հետ:

Ուսումնասիրությունն իր մեջ ներառում է բազմաբնույթ թեմատիկ հարցեր՝ Հայաստանում ռազմական, քաղաքական եւ քաղաքացիական ոլորտներում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Հայաստանի 4 մարզերում՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում, ինչպես նաեւ Երեւան քաղաքում անցկացվում են ֆոկուս-խմբեր եւ հարցումներ 18-25 տարեկան, քաղաքային եւ գյուղական համայնքներում բնակվող երիտասարդների հետ:

Մինչեւ տերեվերջ ուսումնասիրության հիման վրա պատրաստված վերլուծությունը կհրապարակվի: Այն մատչելի կլինի կազմակերպության ինտերնետային էջում, կտարածվի գործընկեր կազմակերպությունների ցանցերով: Բացի այդ, ծրագրի անձնակազմի հավաստմամբ, վերլուծությունը հիմք կհանդիսանա մարդու իրավունքների, ժողովրդավարացման, անվտանգության, եւ խաղաղասիրության ոլորտներում «ԽԵ»-ի հետագա ռազմավարության մշակման համար:

«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է Pax կազմակերպության աջակցությամբ:

pax-ը նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն: