Հայտարարություն

Հունիսի 23, 2015

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մի քանի օր տեւած բողոքի ցույցներն այսօր հանգեցրին իշխող ռեժիմի կողմից ուժի հերթական, չարդարացված կիրառման. հունիսի 23-ի առավոտյան ջրցան մեքենաներով, զրահամեքենաներով ցույցը ցրելուց հետո բռնության կիրառմամբ բերման են ենթարկվել հարյուրավոր ակտիվ քաղաքացիներ, լրագրողներ։

Արձանագրվել են ոստիկանության հատուկ ստորաբաժանումների եւ քաղաքացիական հագուստով «ոստիկանության» աշխատակիցների կողմից բերման ենթարկված խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված, մարդու արժանապատվությունը նվաստացնող բազմաթիվ գործողություններ: Այս պահի դրությամբ հայտնի է 273 բերման ենթարկվածի մասին: Ոստիկանության գործողությունների արդյունքում 25 քաղաքացի դիմել է բուժօգնության, նրանցից 5-ը մինչ այժմ գտնվում է վերակենդանացման բաժիններում:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը դատապարտում է պետության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ հերթական բռնության կիրառումը, ինչը մեկ ավելորդ անգամ եւս փաստում է, որ ուժային բոլոր կառույցները, ժողովրդին ծառայելու փոխարեն, կատարյալ չարիք են դարձել սեփական քաղաքացիների համար՝ պատրաստ արյան մեջ խեղդելու ազատ կամարտահայտման ցանկացած փորձ։

«Խաղաղության երկխոսություն» հկ