«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ «ԲԱՆԱԿՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հունվարի 29, 2014
© 2014, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ: Հեղինակ՝ Արթուր Մանուկյան

Հունվարի 28-ին, ՀՀ բանակի օրվա կապակցությամբ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների եւ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից «Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ակցիան հերթական անգամ հանդիպեց ոստիկանության կողմից իրականցվող ապօրինություններին:

Բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության աշխատակիցներն սկզբում խոչընդոտեցին ակցիայի մասնակիցների մուտքն «Ազատության» հրապարակ, այնուհետեւ՝ բերման ենթարկեցին ակցիային իրենց զորակցությունը հայտնած երեք քաղաքացիների` Վարդգես Գասպարիին, Արա Նեդոլյանին եւ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի աշխատակից Արտաշես Սերգոյանին:

Հարկադրաբար բերման ենթարկվածներին ոստիկանության բաժանմունքնում որեւէ իրավական բացատրություն չի տրվել ոստիկանների տվյալ գործողության վերաբերյալ: Բերման ենթարկվածներից մեկը` Վարդգես Գասպարին, ում երեք ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում, պահանջել է փաստի վերաբերյալ կազմած արձանագրությունը, սակայն նրան հայտնել են, որ կարող է այն ստանալ միայն դիմում ներկայացնելուց հետո: Ակտիվիստի հեւտեւողական պահանջին ի պատասխան՝ ոստիկանության աշխատակիցները նույն բիրտ ուժի կիրառմամբ, հարկադրաբար տեղափոխել են Վարդգես Գասպարիին ոստիկանության բաժանմունքից դուրս եւ թողել փողոցում՝ գետնի վրա, վարար անձրևի տակ:

Մեր հարցին, թե ի՞նչ իրավական հիմնավորմամբ են ակտիվիստները բերման ենթարկվել, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ ոստիկանության գործողություններն իրականացվել են անվտանգության նկատառումներով: Օսիպյանի մեկնաբանմամբ՝ ակտիվիստներին ընդամենը «խնդրել» էին ազատել օպերային թատրոնի մուտքը, որտեղ տեղի էր ունենալու բանակի տոնին նվիրված հանդիսավոր արարողությունը, եւ ոստիկանության աշխատակիցներն ստիպված են եղել բերման ենթարկել ակտիվիստներին՝ հրամանին չենթարկվելու պատճառով: Այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ այս պահին զոհված զինվորների մայրերը կանգնած են հենց նույն տեղում, որտեղից քիչ առաջ բերման են ենթարկվել ակտիվիստները եւ, ըստ էության, ոստիկանությունը չի համարում այդ գործողությունն ապօրինի, Օսիպյանը պատասխանեց, որ մայրերի նկատմամբ ցուցաբերվում է «հատուկ» մոտեցում՝ երեւի մոռանալով, որ րոպեներ առաջ ոստիկանության աշխատակիցները հրմշտում եւ խոչընդոտում էին հենց այդ նույն` խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի մուտքը հրապարակ:

Վերը նկարագրվածը կրկին անգամ ապացուցում է, որ ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված սկզբունքների (մարդկանց տեղաշարժի, արտահայտման ու հավաքների ազատության) կոպիտ խախտումներով իրականցվող գործողությունները կրում են շարունական բնույթ: Նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ փաստում է, որ Հայաստանի իշխանությունները, չնայած իրենց բազմաթիվ հայտարարություններին, չեն պատրաստվում պահպանել ժողովրդավարության սկզբունքները և հարգել Հայաստանի հանրապետության քաղաքացիների իրավունքները:

«Խաղաղության երկխոսություն»
հասարակական կազմակերպություն
29 հունվարի, 2014