«ԱՊԱՀՈՎ ԶԻՆՎՈՐՆԵՐ՝ԱՆՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

Հունվարի 07, 2013
© 2014, «Խաղաղության երկխոսություն» հկ: Հեղինակ՝ Արթուր Մանուկյան: Հունվարի 28-ին, ՀՀ բանակի օրվա կապակցությամբ, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների եւ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների կողմից «Ազատության» հրապարակում իրականացվող խաղաղ ակցիան հերթական անգամ հանդիպեց ոստիկանության կողմից իրականցվող ապօրինություններին:

2013 թ.-ից «Խաղաղության երկխոսությունը», նիդեռլանդական PAX կազմակերպության աջակցությամբ, իրականացնում է իր «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» երկամյա ծրագիրը: Այս ծրագրի նպատակն է կանխարգելել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտման դեպքերը և բարձրացնել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այն պաշտպանող զինվորների անվտանգությունը:

«Խաղաղության երկխոսությունը» մտադիր է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ԶՈՒ-ում տիրող մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ` խնդրի լուծման ուղղությամբ հասարակական պահանջարկ ձեւավորելու նպատակով, մոբիլիզացնել եւ ներգրավել տեղական, ազգային եւ միջազգային դերակատարների, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա: Ծրագրի բաղադրիչներից մեկը զորակոչային տարիքի երիտասարդների իրազեկումն է զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակի, զինվորականների ունեցած իրավունքների վերաբերյալ: Ծրագրի մեկ այլ բաղադրիչ ենթադրում է ստեղծել տվյալների բազա պարունակող կայքէջ, որում հավաքագրված կլինեն տվյալներ 1994 թվականին զինադադարի կնքման պահից մինչ այսօր ՀՀ ԶՈՒ-ում մահացության վերաբերյալ:

Տվյալների բազան նպատակ ունի հավաքագրել տեղեկություններ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերից յուրաքանչյուրի, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ, որպեսզի այս խնդիրների լուծումը Հայաստանի իշխանություններից պահանջելու համար անհրաժեշտ հասարակական պահանջարկ ձևավորվի:

Հայերեն և անգլերեն լեզուներով կարգավորվող www.safesoldiers.am կայքը մեկնարկել է 2013 թվականի նոյեմբերին: Կայքը և տվյալների բազան պարբերաբար լրացվում են լրատվամիջոցներից և անհատներից ստացված տեղեկատվությամբ: Տեղեկատվական բազայում այժմ գրանցված է զինված ուժերում մահվան ելքով 750-ից ավելի դեպք: Մինչ այժմ գրանցվել է կայքի ավելի քան 70 հազար դիտում: Միջազգային և տեղական կազմակերպությունները ցուցաբերել են իրական և կայուն հետաքրքրվածություն ներկայացված նյութերի հանդեպ և շարունակում են կապ պահպանել մեզ հետ: 2014 թվականին մոտ 170 մարդ է մասնակցել «Արդարադատարանի»՝ կոնֆլիկտի մոդելավորման 6 խաղ-քննարկմանը:

«Խաղաղության երկխոսություն» կազմակերպության «Ճնշվածների թատրոն» խմբակի կողմից թվով հինգ ներկայացումէ կազմակերպվել Հայաստանի ավագ դպրոցներում: Այս տարվա սկզբից իրականացվել է տասնյակ միջոցառումներ և քննարկումներ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդների հետ՝ ՀՀ զինված ուժերում արձանագրվող մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ: Ավելի քան 450 երիտասարդ մասնակցել է կազմակերպված տարբեր միջոցառումների, որոնք նպատակ ունեն իրազեկել զինակոչիկներին՝ զինված ուժերում ծառայելու ընթացքում իրենց ունենալիք իրավունքների վերաբերյալ:

2014 թվականի ապրիլի 29-30-ը Երեւանում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները զինված ուժերում. փորձի համակարգում» աշխատանքային հանդիպումը, որի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի հասարակական խմբերի, կազմակերպությունների, ակտիվիստների եւ զոհված զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչների համար միասնական հարթակի ստեղծումն էր՝ ուղղված ինքնավերլուծությանը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ սեփական գործունեության կատարելագործմանը:

Աշխատանքները շարունակվում են, և «Խաղաղության երկխոսությունը» փորձում է ստիպել իշխանություններին հաշվի նստել այն խնդիրների հետ, որոնք բացահայտվում են մեր կամ մեր փորձագետների կողմից: Հետեւում ենք դատական գործընթացներին որոնք առնչվում են զինված ուժերում գրանցված մահվան դեպքերին: Կազմակերպության փորձագետը մի շարք գործերով հանդես է գալիս որպես տուժածների ընտանիքների ներկայացուցիչ. շարունակում ենք հետամուտ լինել արդարության և պատասխանատվության հասնելու գործին: Կապ ենք հաստատել մի քանի ընտանիքների հետ և փորձում ենք օգնել նրանց բացահայտել իրենց զավակների մահվան հետ կապված մանրամասները: Առաջ ենք քաշել նաեւ զինծառայողների ապօրինի ազատազրկման հարցը և այն, թե ինչ հիմքերով, որքան եւ ինչ պայմաններում են պահվում այս կամ այն գործով մեղադրվող կամ որպես վկա ներգրավվող զինծառայողները:

«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է Pax կազմակերպության աջակցությամբ:

pax

-ը նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն: