ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017-2019ԹԹ. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ «ԽԵ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգոստոսի 18, 2016
Peace Dialogue

Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային կայքում հրապարակված, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների` 2017-2019թթ. ծրագրի նախագծի մշակման համար հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկություններ ուղարկելու վերաբերյալ հայտարարության «Խաղաղության երկխոսություն» հկ-ն պաշտպանության նախարարությանն է ուղարկել իր առաջարկները:

  1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ իրազեկման եւ գիտելիքների բարելավման ուղղությամբ.

1.1     Մարդու իրավունքները, որպես պարտադիր ուսումնական առարկա, ներառել ՊՆ լիազորության ներքո գտնվող կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում (օրինակ՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ)։

1.2     Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին (Ժնևյան կոնվենցիա) և ՄԱԿ-ի 1325 բանաձևի վերաբերյալ իրազեկումը ներառել վերոնշյալ կրթական ծրագրերում։

1.3     Տեղական եւ միջազգային փորձագետների ներգրավմամբ պարբերաբար կազմակերպել մարդու իրավունքների ուսուցում զորքերում ծառայության մեջ գտնվող բարձր և կրտսեր սպայական անձնակազմի համար (եթե անգամ նմանատիպ նախաձեռնություններ իրականացվել կամ իրականացվում են` ապահովել դրանց շարունակականությունն ու անընդհատությունը)։

  1. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարման առավելագույն թափանցիկության ապահովման ուղղությամբ.

2.1     ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 9-Ն հրամանով համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում ներառված այն տեղեկությունները, որոնցում առկա չեն երկրի անվտանգությանը սպառնացող, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, հանել գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկից և իրավախախտումների, կյանքի իրավունքի նկատմամբ ոտնձգության, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը մատչելի դարձնել հանրության համար։

2.2     Կարևորելով «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի պրակտիկ կիրառումը որպես մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքների պաշտպանության մեխանիզմ` առաջարկում ենք օրենքի կիրառման վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը նպաստող քայլեր մշակել։ Օրինակ՝ ՀՀ տարածքում, զինկոմիսարիատներում, տեսանելի վայրերում փակցնել այլընտրանքային ծառայության անցնելու հնարավարության եւ զորակոչվելուց 6 ամսվա ընթացքում այլընտրանքային զինվորական ծառայությունը պարտադիր զինվորական ծառայությամբ փոխարինելու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական նյութեր: ՀՀ ՊՆ լրատվական միջոցներով տեղակատվություն տրամադրել այլընտրանքային ծառայություն կրող քաղաքացիների ծառայության պայմանների վերաբերյալ:

2.3     Առաջարկ ներկայացնել ՀՀ կառավարությանը եւ Ազգային ժողովին՝ զինվորական օմբուդսմենի անկախ ինստիտուտի ստեղծման վերաբերյալ։

2.4     Զինված ուժերում առկա կոռուպցիոն ռիսկերը որոշ դեպքերում հիմք են հանդիսանում եւ պարարտ հող են նախապատրաստում մարդու իրավունքների ոտնահարման համար. առաջարկում ենք տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ մշակել եւ հրապարակել զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական պլան, այնուհետեւ՝ հիմք ապահովել հասարակական կառույցների կողմից ռազմավարության իրականացման մշտադիտարկումն իրականացնելու համար։

2.5     ՀՀ կառավարությանն առաջարկություն ներկայացնել զինված ուժերի ենթակայության ներքո գտնվող զորամասերում մշտադիտարկում իրականացնող դիտորդական խմբի ստեղծման վերաբերյալ, որը կկարողանա, անհրաժեշտության դեպքում, այցելել ռազմական ոստիկանության մեկուսարաններ՝ կալանավորված զինծառայողների իրավունքների պաշտպանության նպատակով։

2.6     Պարբերաբար զեկույցներ ներկայացնել հասարակությանը «Մարդու իրավունքների ազգային ռազմավարության» շրջանակներում պաշտպանական գերատեսչության գործողությունների եւ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ (եթե նման միջոցառումներ իրականացվել են)։

  1. Զինված ուժերում պատշաճ բուժապահովման եւ բուժսպասարկման ոլորտում.

3.1     Ապահովելու համար զինծառայողների առողջության իրավունքը՝ ներմուծել զորացրվելուց առաջ պարտադիր բժշկական զննություն անցնելու համակարգ (ինչպես դա իրականացվում է զորակոչի ընթացքում), ինչը հնարավորություն կտա ուսումնասիրելու ծառայության ընթացքում զինծառայողի առողջական վիճակի դինամիկան, որպեսզի պարտադիր զինծառայության ընթացքում առողջության վատթարանալու դեպքում ՊՆ-ն ստանձնի այդ մասին հոգ տանելու պարտավորությունը։

  1. Զինծառայողների ընտրական իրավունքի իրականացման ոլորտում.

4.1     Բանակում ընտրական իրավունքի պաշտպանությունը պիտի վերանայվի այն առումով, որ բացառվեն զինվորականներից մեկի կամ խմբի, հրամանատարական կազմի գործողությունների կամ անգործության որևէ ազդեցություն զինծառայողների ազատ կամարտահայտման վրա: Բոլոր թեկնածուները պետք է համահավասար հնարավորություն ունենան իրենց քարոզչական նյութերը զինվորականներին տրամադրելու, իսկ զինվորականներն ազատ լինեն` օգտվելու իրենց ընտրական իրավունքից կամ չօգտվելու: Հարկ է նաեւ վերոնշյալի հանրային վերահսկողության իրական միջոցներ նախատեսել: