ՎԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՐԱԺԱՐՎԵՑ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՎԱԾ ԻՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 03, 2015
Տեսանյութ` © 2015, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, «Վկան դատարանում հրաժարվեց նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից»

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանի ինքնասպանության (ըստ պաշտոնական վարկածի) գործով հունիսի 2-ին կայացած հերթական դատական նիստում հարցաքննվելու էր ժամկետային զինծառայող Արթուր Աբրահամյանը, ով դեպքի օրն օրապահ է եղել։ Վկան դատարանում հրաժարվեց նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքների մեծ մասից, իսկ որպես պատճառ նշեց, որ այդ ցուցմունքները տվել է ճնշումների, սպառնալիքների արդյունքում։

Մինչ նրա դատաքննական ցուցմունքին անդրադառնալը, անհրաժեշտ է նշել. ըստ էության՝ Արթուր Աբրահամյանը միաժամանակ ցուցմունք է տվել երկու գործով, Մ. Մանուչարյանի սպանության եւ շորթման։ Քննության ընթացքում նախաքննական մարմինը, ըստ գործի նյութերի, բացահայտել է հետեւյալ հանցագործությունը։ Զորամասի զինծառայող, «Լյոնչո» մականունով Լեոնիդ Հարությունյանն առնվազն 5 նորակոչիկ զինծառայողներից՝ Արթուր Աբրահամյանից, եւ եւս 4 այլ զինծառայողներից, ահաբեկման ու սպառնալիքի ճանապարհով կորզել է նրանց ամսեկան դրամական բավարարումները կամ դրանց զգալի մասը։ Բավարար հիմքեր ձեռք բերելով՝ քննիչ Նալբանդյանը փաստով հարուցել է նոր քրեական գործ (գործ հատոր 2, թերթ 78-83): Սակայն, ի վերջո, «անհասկանալի» պատճառներով, այս գործը կարճվել է եւ ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Գործը քննվել է Մ. Մանուչարյանի մահվան վերաբերյալ գործի շրջանակներում եւ կարճվել։

Դատական նիստում վկան միմյանցից առանձնացրեց նույն ցուցմունքի մեջ տված այս երկու, միմյանց հետ կապ չունեցող փաստերը, պնդեց, որ իրոք Լեոնիդն իրենցից ստիպողաբար գումարներ  է վերցրել, իսկ ինչ վերաբերում է սպանությանն առնչվող ցուցմունքին, վկան հայտարարեց, որ սկզբից մինչեւ վերջ սուտ է, չի համապատասխանում իրականությանը եւ, որ իրենից այդ ցուցմունքները կորզել են քննությանը խորթ մեթոդներով՝ ահաբեկել, սպառնացել են փայտով, հարվածել, անգամ ծնողներին կանչել սպառնալով՝ ստիպել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, ներկայացնել դեպքեր, որոնց իրականում նա ականատես չի եղել։ Վկան հայտարարեց, որ չի ճանաչել Մանուչար Մանուչարյանին, այլ կերպ ասած, վկայի այս հայտարարությունն արդեն իսկ արժեզրկում, անիմաստ է դարձնում նրա կողմից ստիպողաբար գրված այն «փաստերը», իբր նա դեպքի օրը առավոտյան մի քանի անգամ տեսել է Մանուչարին կապիտան Մուրադյանի հետ խոսելիս, մեղադրյալ Բաբկեն Գաբոյանի հետ կենցաղային սենյակ, արտաքնոց մտնելիս, այնտեղից գլխահակ, ճնշված դուրս գալիս եւ այլն։

Վկային նման ցուցմունքներ տալ ստիպելով՝ նախաքննական մարմինը ձգտել է հիմնավորել կատարվածի վերաբերյալ իր այն վարկածը, թե իբր Մ. Մանուչարյանն ինքնասպան է եղել, որ նրան, իբր,ինքնասպանության է հասցրել երկու մեղադրյալներից նաեւ Գաբոյանը։

Արթուր Աբրահամյանն իրեն սպառնացողների, սուտ ցուցմունքներ տալ ստիպողների անուն-ազգանունները չգիտի, սակայն դատարանում հայտարարեց, որ նրանք համազգեստով են եղել, այդ ամենն իր հետ կատարվել է «քննչականում» եւ, որ նրանց տեսնելու դեպքում կարող է ճանաչել։

Վկան հայտարարեց նաեւ, որ իրենից ցուցմունք է վերցվել 6-ից ավելի անգամ, չնայած ավելի ուշ ասաց, որ ճշգրիտ չի հիշում։ Վկայից ցուցմունքներ են կորզել 2-3 անձ, բնականաբար չեն բացատրել վկային իր իրավունքները։ Նրա առաջին ցուցմունքը թվագրված է դեպքից 16 օր անց։ Արձանագրության մեջ, խախտելով օրենքը, քննիչ Վ. Հարությունյանը չի նշում, թե որտեղ է տեղի ունեցել հարցաքննությունը, նշում է միայն՝ ք. Երեւան։ Օրենքի խախտում է նաեւ այն, որ Ա. Աբրահամյանը հարցաքննվել է երեկոյան ժամը 21։45-ից մինչեւ 23։40-ը։

Մեղադրող Ա. Ամիրյանը, ով, ինչպես բազմիցս պաշտոնապես հայտարարել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը, սույն գործով բազմաթիվ քրեորեն պատժելի հանցագործություններ է կատարել, վկայի ցուցմունքի վերջում հայտարարեց, որ ինքը պարտավոր է եւ հաղորդում կտա վկայի հայտարարության հետ կապված հնարավոր հանցագործության մասին։ Ռ. Մարտիրոսյանին տարօրինակ է թվում, նախաքննության ընթացքում կատարված հանցագործությունների մասին նախորդ հաղորդումների հետ կապված նա նման պահվածք չդրսեւորեց, միջնորդություններ անելու, հաղորդումներ տալու բուռն ցանկություն չդրսեւորեց, մինչդեռ այս անգամ ինքնակամ արեց դա։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը վկային հարցրեց, թե, արդյո՞ք, վերջինս նպատակահարմար չի գտնում նման պայմաններում ունենալ փաստաբան եւ, վկայից դրական պատասխան ստանալով, հայտարարեց, որ կաջակցի, որպեսզի վկային անվճար փաստաբան տրամադրվի։

Անհրաժեշտ է նշել, որ Ա. Աբրահամյանի տված կեղծ ցուցմունքը ընկած է ոչ միայն մեղադրական եզրակացության, այլեւ հետմահու դատահոգեբանական փորձաքննության հիմքում, նաեւ այդ «ապացույցի» հիման վրա է  դատահոգեբան Էլդա Գրին-Աբրահամյանը եզրակացրել, որ երկու ամբաստանյալների՝ Գաբոյանի եւ Ստեփանյանի գործողությունները կարող էին Մ. Մանուչարյանի ինքնասպանության պատճառ հանդիսանալ։