ՌՈՒՍ ԵՒ ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐՎԵՑ

Ապրիլի 02, 2014
Լուսանկարը` © 2014, ԽԵ, «Մարդու իրավունքները զինված ուժերում․ փորձի համակարգում» աշխատանքային հանդիպում: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

«Չեմ հասկանում՝ Հայաստանը կրկնօրինակում է ռուսական բանակի տխուր փորձը, թե՞ վատ օրինակ ծառայում նրա համար,» – ասում է ռուսաստանցի իրավապաշտպան, «Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտե»-ի Մոսկվայի մասնաճյուղի ներկայացուցիչ Դմիտրի Պիսլարը:

«Այն ինչ այս երկու օրերի ընթացքում լսում ենք մեր հայ գործընկերներից բանակում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ, մեզ լուրջ մտահոգության տեղիք է տալիս», – հայտարարեց նա՝ «Մարդու իրավունքները զինված ուժերում․փորձի համակարգում» աշխատանքային հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում:

Այս տարվա ապրիլի 29-30-ը Երեւանում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման նպատակը հասարակական խմբերի, կազմակերպությունների, ակտիվիստների եւ զոհված զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչների համար միասնական հարթակի ստեղծումն էր՝ ուղղված ինքնավերլուծությանը, սեփական գործունեության կատարելագործմանը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Աշխատանքային հանդիպումը բաղկացած էր երկու թեմատիկ բաժիններից․

  • իրավիճակի համատեղ վերլուծություն՝ մասնակիցների գործունեության վայրերում: Որո՞նք են մասնակիցների գործունեության համար քաղաքական եւ սոցիալական նախադրյալները,
  • հասարակական շարժումների եւ խմբերի դերը՝ զինված ուժերի գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ձեւավորման գործում:

Աշխատանքային հանդիպման ընթացքում այս թեմաներին առնչվող բազմաթիվ խնդիրների քննարկումներին նախորդում էին ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող փորձագետների ելույթները, շարունակվում՝ արդեն մասնակիցների՝ այդ խնդիրների կամ դրանց լուծման առնչությամբ ունեցած փորձի վերլուծությամբ:

Երկու օրերի ընթացքում մասնակիցներն անրադարձան հայկական եւ ռուսական բանակներում կոռուպցիայի դրսեւորումներին, զորակոչի կազմակերպման գործընթացներին, մասնավորապես, բժշկական հանձնաժողովների աշխատանքներին առնչվող խնդիրներին: Քննարկեցին նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերով նախաքննության եւ դատաքննության ընթացքում մարդու իրավունքի խախտման օրինակները, դրանց կանխման գործում քաղաքացիական խմբերի եւ կազմակերպությունների դերն ու անելիքները:

Առավել սուր բանավեճի առարկա դարձավ վերոնշյալ խնդիրների լուծման գործում պետական մարմինների հետ համագործակցության հարցը: «Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտե»-ի Ուֆայի բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Սիմարչուկը գտնում է, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել իշխանությունների վրա՝ այս խնդիրները շուտափույթ լուծելու նպատակով, սակայն, միաժամանակ, ավելացնում, որ այդ Ճնշումն էլ պետք է լինի ոչ ագրեսիվ, ավելի կշռադատված եւ չվերածվի լոկ վիրավորանքների եւ հարձակումների տարափի: «Մենք այս պահին էլ պահանջում ենք ռուսական իշխանություններից դադարեցնել Ուկրաինայի նկատմամբ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, սակայն այդ ամենն արվում է մտածված, կշռադատված՝ փորձելով բացատրել հասարակությանը, որ ցանկացած նոր մարտական գործողություն կհանգեցնի նոր կորուստների, նոր ողբերգությունների», – ավելացնում է Դմիտրի Պիսլարը: «Իհարկե, Ռուսաստանում ակնհայտ է հասարակական կազմակերպությունների դեմ իշխանությունների հայտարարած «վհուկների որսը», այս երեւույթը տարբեր դրսեւորումներ է ստանում, սկսած «արտասահմանյան գործակալի» պիտակից, ավարտած՝ հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը, մեղմ ասած, չխրախուսող օրենսդրական «բարեփոխումներով», – շարունակում է Վլադիմիր Սիմարչուկը եւ ավելացնում, – «մեզ մոտ շատ ՀԿ-ներ համագործակցում են տեղական զինկոմիսարիատների հետ, կարծում եմ՝ այդ գործակցությունը բավականին դրական արդյունքներ է տալիս զինվորների շահերի պաշտպանության գործում»:

Իրենց հերթին, հայ ակտիվիստները կիսում են մտահոգությունները պետական մարմինների հետ համագործակցության հարցի կապակցությամբ: «Շատ դեպքերում պետությունն է խրախուսում մեր երեխաներին խաղաղ պայմաններում սպանող սպաներին, մի քանի գործերում առկա են ՀՀ պաշտպանության նախարարի նամակները, որոնցում ասվում է, որ այս կամ այն սպային պետք է մեղմ մոտենալ, քանի որ նա Ղարաբաղյան պատերազմի հերոս է», – ասում է «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սեդա Մելիքյանը:

Աշխատանքնային հանդիպման մասնակից Ծովինար Նազարյանն ասում է․ «Հանդիսանալով «Բանակն իրականում»-ի անդամ, փորձում ենք անընդհատ տեղեկություններ ստանալ ՊՆ-ից գործերի վերաբերյալ, խնդրի մասին իրազեկում հասարակությանը, հանդիպում միջազգային կազմակերպությունների հետ, աջակցում կորուստ ունեցած այլ ծնողների, ինչի շնորհիվ բոլորս ծանոթանում ենք իրար հետ, գիտենք իրար: Պայքարում ենք արդարադատությունը վերականգնելու համար:»

Երկօրյա հանդիպման ավարտին մասնակիցները զրուցեցին այն մասին, թե ի՞նչ տվեցին քննարկումները եւ կարո՞ղ են արդյոք ստացված տեղեկություններն ինչ-որ կերպ նպաստել նրանց գործունեության առավել արդյունավետ իրականացմանը: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների՝ հանդիպման մասնակից մայրերը նշեցին, որ քննարկումների արդյունքում առավել կարեւորեցին միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը, շեշտեցին, որ պետք է աջակցել միմյանց՝ արդարադատությունը վերականգնելուն ուղղված գործունեությունում:

«ԽԵ» ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով էլ հանդիպումը նոր գործընկերների հետ ծանոթանալու հնարավորություն տվեց․«Պետք է մտածել, թե ինչով կարող ենք միմյանց օգնել: Լավ էր, որ իմացա, որ Բաշկիրիայում, «Ռուսաստանի զինվորների մայրերի կոմիտեում», կա անկախ դատաբժշկական փորձագետ: Անհրաժեշտության դեպքում կարելի է դիմել՝ խորհրդատվության համար: Մեր ռուս գործընկերներին էլ ասեմ, որ մենք էլ անհրաժեշտության դեպքում կարող ենք այստեղից մեր դիրքորոշումները, Ռուսաստանի ԶՈՒ-ում տեղի ունեցող անօրինականությունների փաստերով կատարած ձեր աշխատանքին մեր աջակցությունը հայտնել, որպեսզի իշխանությունները գիտակցեն, որ այս խնդիրներն արդեն դուրս են եկել երկրի սահմաններից»:

Իր եզրափակիչ խոսքում Դ․ Պիսլարը նշում է․ «Չէի պատկերացնի, որ այստեղ՝ Հայաստանում, այսքան խնդիրներ ունեք այս ոլորտում, մտածում էի՝ ավելի լավ վիճակում եք: Ցավ եմ ապրում այդ կապակցությամբ, ծանր է: Սակայն, այսքան ակտիվ մարդիկ տեսնելով, հույս ունեմ, որ միանալով ի վիճակի եք դրական փոփոխությունների հասնելու: Հույս ունեմ կօգնենք միմյանց՝ ինչով կարողանանք․ արդեն իսկ պայմանավորվել ենք համագործակցել, փոխադարձ աջակցել միմյանց»:

Միջոցառումն իրականացվել է «Խաղաղության երկխոսություն» հկ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» նախագծի շրջանակներում:

«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է Pax կազմակերպության աջակցությամբ:

pax-ը նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն: