ԵԱՀԿ-Ի ԱՎՍՏՐԻԱՅԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԵՆԱ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Օգոստոսի 27, 2017
Austrian Chairmanship 2017

2017թ․ օգոստոսի 18-ին Վիեննայում ԵԱՀԿ Ավստրիայի մշտական ներկայացուցչություն այցելեց Արենայի ամառային դպրոցի մասնակիցների պատվիրակությունը։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Ավստրիայի Հանրապետության եվրոպական ինտեգրման արտաքին գործերի նախարարության, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ֆինլանդիայի պատվիրակությունների ներկայացուցիչներ:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ֊ի կողմից իրականացվեղ «ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրը միավորում է հետխորհրդային երկրների քաղհասարակությունների ներկայացուցիչների, ուղղված է տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներում խաղաղասիրական նախաձեռնությունների ազդեցությունը բարելավելուն՝ համապատասխան ներգործուն ռազմավարությունների մշակման տարբեր երկրների քաղհասարակությունների ներկայացուցիչների միջեւ ցանցի ձեւավորման միջոցով։ «Ստեղծագործական ռազմավարացում» խորագիրը կրող 7-օրյա ամառային դպրոցը երկրորդն էր նախորդ տարի վրացական Բորժոմիում կայացած ամառային դպրոցից հետո։

Հանդիպման ընթացքում ամառային դպրոցի Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ՌԴ֊ն եւ Ուկրաինան ներկայացնող մասնակիցներն իրենց հյուրընկալողներին ներկայացրեցին Արենա ծրագիրը, նրա մասնակիցների տեսակետներն ու մտահոգությունները՝ կապված առկա հակամարտություններում քաղաքական գործընթացների, քաղհասարակության գործունեության վրա դրանց ազդեցության հետ: Առաջարկեցին նաեւ իրենց փորձն ու գիտելիքները՝ վստահության ամրապնդման եւ հակամարտությունների լուծման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերակատարների դերը բարձրացնելուն ուղղված ԵԱՀԿ-ի ջանքերին աջակցության գործում։

Ավստրիայի արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Կատարինա Վիզերը, մասնավորապես, հետաքրքրված էր Արենայի անդամների թվով, նրանց կողմից իրենց համայնքներում եւ երկրներում կազմակերպված միջոցառումների բնույթով, ինչպես նաեւ ցանցի համագործակցությամբ այլ տեղական եւ միջազգային ՔՀԿ֊ների հետ։ Նա իր մեծ հետաքրքրությունն արտահայտեց նաեւ ծրագրի շրջանակներում իրականացվող ակտիվությունների, ցանցի անդամների՝ ներգրավվածության եւ խաղաղասիրական գաղափարներին նվիրվածության աստիճանի վերաբերյալ։

Ներկայում Ավստրիա սահմանել է  ԵԱՀԿ-2017-ի իր նախագահության առաջնահերթություններն՝ ի պատասխան  ԵԱՀԿ տարածքում առկա սպառնալիքների ու մարտահրավերների: Դրանց համաձայն՝ առկա հակամարտությունների դադարեցման եւ փոխվստահության կառուցման ջանքերին աջակցությունը առանցքային է ավստրիական նախագահության համար. «Ձեր ջանքերը լիովին համընկնում են ավստրիական նախագահության առաջնահերթությունների հետ, մենք շատ հետաքրքրված ենք շարունակել համագործակցությունը ձեր խմբի հետ», – ասաց ներկայացուցչության Mission for the Human Dimension-ի ղեկավարի տեղակալ Յուրգեն Հեյսելը:

Հանդպմանը ներկա մյուս պաշտոնյաները եւս իրենց քաղաքական աջակցությունը հայտնեցին Արենայի գործունեությանն ու խնդրեցին կազմակերպիչներին անընդհատ տեղեկացնել իրենց նախագծի հետագա զարգացումների մասին։