ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ «ՄԱՇՈՒՄ» ԵՆ ՀՀ ԶՈՒ-Ն

Փետրվարի 24, 2017
Murders, suicides, and fatal accidents plague the Armenian military
ԲԱՆԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Եւ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Տե’ս նաեւ բանակում 2010-2015թթ. սպանությունների եւ ինքնասպանությունների վիճակագրությունը։

Զինված ուժերում մարդու իրավունքների խնդիրը միշտ մտահոգության առարկա են իրավապաշտպանների համար։ Տեղական եւ միջազգային կազմակերպությունների, ԱՄՆ պետդեպարտամենտի հաշվետվությունները փաստում են, որ այս առումով հայկական զինված ուժերում եւս իրավիճակը հեռու է օրինակելի լինելուց։ ՀՀ ԶՈՒ-ում գրանցվող ֆիզիկական բռնությունների, ինքնասպանությունների վերաբերյալ հաղորդումները նոր չեն եւ հաճախ սերում են դեռեւս խորհրդային բանակից եկող ավանդույթներից եւ հիմնականում ոչ կանոնադրական հարաբերությունների (դեդովշչինա) հետեւանք են։ Վերոնշյալ հաշվետվությունները հուշում են, որ խախտումներ տեղի են ունենում ամբողջ բանակում։ Ահաբեկում, բռնություն, կոռուպցիա, անպատժելիություն. այս եւ նման երեւույթների հայ զինվորները կարող են բախվել զինվորական ծառայության երկու տարիների ընթացքում էլ։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության Safe Soldiers տվյալների բազան հայկական զինված ուժերում զոհված զինծառայողներին է վերաբերում։ Բազայում արտացոլվող տվյալներն ստացվում են լրատվության բաց աղբյուրներից, տրամադրվում անհատների, գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն այժմ ԼՂ-ում 1994թ.-ին հաստատված հրադադարից հետո զոհված 900-ից ավելի զինծառայողի տվյալներ է պարունակում։

Non-combat fatalities by cause, 2010–2016.
Նկ.1. Ոչ մարտական պայմաններում 2010–2016 թթ. ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերն ըստ պատճառների:

Տվյալների բազայի համաձայն՝ 2010-2016թթ. հայկական կողմը (ԼՂ ՊԲ-ն ներառյալ) 472 զոհ է ունեցել, այդ թվում 133՝ հրադադարի խախտման, 80՝ հայ-ադրբեջանական շփման գծում 1994թ.-ից ի վեր գրանցված ամենաարյունալի բախման՝ 2016թ. ապրիլյան պատերազմի արդյունքում։

Գրանցված մահվան դեպքերի այլ պատճառներ հանդիսացել են դժբախտ պատահարները, ինքնասպանությունները, սպանությունները, առողջական խնդիրները, անվտանգության կանոնների խախտումներն ու անփութությունը։

  • Դժբախտ պատահար` 81 դեպք,
  • Ինքնասպանություն` 59 դեպք,
  • Սպանություն` 50 դեպք,
  • Առողջական խնդիրներ` 36 դեպք,
  • Այլ պատճառներ` 14 դեպք,
  • Անվտանգության կանոնների խախտում` 13 դեպք,
  • Անփութություն` 6 դեպք:

Վերջին երեք տարիների ընթացքում ինքնասպանությունների եւ սպանությունների թվի աճը (նաեւ, եթե նկատի ունենանք, որ դրանց մեծամասնությունը հայ-ադրբեջանական սահմանին կամ շփման գծին մոտ տեղակայված զորամասերում է տեղի ունենում) մտահոգվելու առիթ է հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչների համար։

2015թ-ին գրանցվեց մահվան ելքով դեպքերի թվի աննախադեպ աճ։ Քաղաքացիական եւ ռազմական փոխադրամիջոցների վթարները գլխավոր պատճառն էին դրա։ Դրա հետ միասին՝ մահվան ելքով միջադեպերի որոշ պատճառներ, ինչպիսիք են ջրահեղձումը, բարձրությունից անկում, փլուզում եւ այլն, չափազանց դժվար է դասակարգել։ Տեղեկատվության պակասի պատճառով գրեթե անհնար է ասել, թե ինչ դեր են ունեցել մահվան ելքով այս միջադեպերում համածառայակիցների կամ սպաների գործողությունները։

Fatalities due to ceasefire violations, suicides, murders and fatal accidents over time.
Նկ. 2. Նույն ժամանակահատվածում տեղի ունեցած հրադադարի խախտման, ինքնասպանությունների, սպանությունների եւ դժբախտ պատահարների հետեւանքով տեղի ունեցած մահվան դեպքերը:

Ընդհանրապես, վիճակագրական այս տվյալները հեռու են իրականությունը լրիվ արտացոլելու հավակնությունից։ Այստեղ իր դերն ունի թե՛ քիչ առաջ նշված սուղ տեղեկատվությունը, թե՛ այն, որ գրանցված դեպքերից մի մասով դեռեւս նախաքննություն է ընթանում եւ դրանց ավարտից հետո այս թվերում փոփոխություններն անխուսափելի են։ Այնուամենայնիվ, «Խաղաղության երկխոսությունը» մի քանի դեպքերում նկատել է, որ քննիչները ոչ ճիշտ հետեւություններ են արել։

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման ուղղությամբ։ 2014թ. փետրվարի 27-ին ընդունված ՄԻ պաշտպանության ազգային ռազմավարության մեջ որոշում է կայացվել միջոցներ ձեռնարկել զինված ուժերում խախտումներն արմատախիլ անելուն, ինչպես նաեւ ոչ մարտական կորուստների դեպքում՝ անաչառ եւ մանրազնին քննություն վարելուն ուղղված։

Նույն առաջնահերթությունները կունենա նաեւ մարդու իրավունքների ոլորտում 2017-2019թթ. համար կազմված գործողությունների ազգային պլանը, որը մինչ այս տարվա ապրիլն է ընդունվելու։ Շատ իրավապաշտպաններ, սակայն, համոզված չեն, որ այս միջոցառումները բավարար են իրավիճակը շտկելու համար. պնդում են, որ ոչ մարտական կորուստների դեպքում, շատ անգամ, իրական մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում, գործերը կոծկվում են, ինչը նորանոր հանցագործություններ է խրախուսում։

2015թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարը հրամանով գաղտնի որակեց ոչ մարտական կորուստների վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ նաեւ խախտումների վերաբերյալ ծառայողական քննություններից ստացված։ Արդյունքում՝ ՊՆ-ն մերժեց «Խաղաղության երկխոսությանը» նման տեղեկատվություն տրամադրել։ Կազմակերպության աշխատակազմի կարծիքով՝ սույն հրամանը շոշափելիորեն սահմանափակում է զինվորականների նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիական վերահսկողություն սահմանելու, մարդու իրավունքների ոլորտում նրանց ստանձնած պարտավորությունների կատարումն ուշադրության կենտրոնում պահելու հնարավորությունները։

Չնայած դրան, ի տարբերություն պետական այլ հաստատությունների, հայ զինվորականները հասարակության լայն շերտերի, հատկապես՝ երիտասարդների վստահությունն են վայելում։ Համաձայն կազմակերպության իրականացրած «Ազատության եւ անվտանգության միջեւ» ուսումնասիրության՝ բանակը միակ կառույցն է, որի դեպքում վստահություն վայելելն ու թափանցիկությունը հակադարձ համեմատական են («որքան թափանցիկ՝ այնքան վստահելի» մոտեցումն օգտագործելի չէ այս դեպքում)։ Այսպես, հարցվածների 65 տոկոսը վստահում է բանակին, այն դեպքում, երբ 62 տոկոսը կարծում է, որ նրա գործունեությունը բնավ թափանցիկ չէ։ Ըստ այս նույն ուսումնասիրության՝ երիտասարդների համար բանակի կայացման գործում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ամենավերջին տեղում է առաջնահերթությունների ցուցակում։ Բանակի նկատմամբ վստահության եւ հարգանքի նման բարձր արտահայտությունն, առաջին հերթին, բացատրվում է հարեւան Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության առկայությամբ։ Արդյունքում՝ հարցված երիտասարդների երեք քառորդը գտնում է, որ հարկ է, անգամ, չքննարկել եւ չտարածել բանակում առկա խնդիրների վերաբերյալ որեւէ տեղեկություն։

Հեղինակը հուսով է, որ սույն վերլուծությունը կովկասյան մեր մյուս գործընկերների մոտ իրենց երկրների զինված ուժերում համանման հիմնախնդիրներն ուսումնասիրելու ցանկություն կխթանի։

Աղբյուրը` http://oc-media.org

Հեղինակ` Էդգար Խաչատրյան

Թարգմանությունը` Վահագն Անտոնյանի