ԱՐԵՆԱ. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԵՒ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբերի 06, 2016
ARENA: Exchange Programs for Activists and Artists from Post-soviet Countries
© 2016, «Խաղաղության երկխոսություն» հկ: Պատկերը` Մարատ Գևորգյանի

Ավարտին է մոտենում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն և հանրային արվեստ» եռամյա ծրագրի երկրորդ տարին։ Վերջինիս ընթացքում նախատեսված բոլոր հիմնական միջոցառումներն ավարտվել են։ Առաջնորդության դասընթացի եւ «ԱՐԵՆԱ. Խաղաղության և արվեստի ամառային դպրոցի» անցկացումից հետո ծրագրի 2016թ. նախատեսված վերջին գործողությունը մասնակիցների կողմից տեղերում իրականացվող ծրագրերի կազմակերպումն էր. մասնակիցներին ծրագրի շրջանակներում հնարավորություն էր տրվել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը դիմել համատեղ փոխանակման ծրագրերի գաղափարներով։

Արենայում ներգրավված, ՌԴ-ն, Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Վրաստանը ներկայացնող իրավապաշտպան եւ խաղաղության կառուցման ոլորտներում գործունեություն ծավալող ակտիվիստների, անկախ արվեստագետների և ստեղծագործողների միջեւ կապերն առավել ուժեղացնելու, միմյանց հետ ավելի մոտիկից ծանոթանալու, միմյանց հետ սեփական փորձը կիսելու, իրավիճակներին տեղերում ծանոթանալու եւ համատեղ սովորելու նպատակով նախագծված համատեղ ծրագրեր ներկայացնելու հնարավորություն ունեին բոլոր մասնակիցները։ Կազմակերպիչների ընտրած երեք ծրագրերն իրականացվեցին սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում։

«Ինքս ինձ համար շատ դասեր քաղեցի՝ կապված նկարահանման գործընթացի հետ: Հիմա արդեն գիտեմ, թե ինչին է պետք ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Սա իմ առաջին նման գործն էր եւ հսկայական փորձ տվեց, ինչը հույս ունեմ օգտագործել շատ շուտով՝ մյուս վավերագրական ֆիլմիս վրա աշխատելիս:» – Լյուբով Մարտինեց, Ուկրաինա:

Առաջին ծրագիրը Վրաստանն ու ՌԴ-ն ներկայացնող մասնակիցների միջեւ էր. ճանաչողական այց Սանկտ Պետերբուրգ՝ Արենայի համանման սոցիալական խնդիրների ուղղությամբ աշխատող մասնակիցների միջեւ փորձի փոխանակման, իրավիճակի հետ ծանոթանալու եւ հարաբերությունները առավել խորացնելու նպատակով։

Հաջորդ ծրագրային գաղափարի շրջանակներում Ուկրաինան, ՌԴ-ն եւ Ադրբեջանը ներկայացնող մասնակիցները ցանկություն էին հայտնել վավերագրական ֆիլմ նկարահանել Ադրբեջանում իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, բացահայտել, թե ինչպիսի խնդիրներ ունեն եւ իրենց ամենօրյա գործունեության ընթացքում ինչպիսի դժվարությունների հետ են բախվում, մասնավորապես, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համանման կազմակերպությունները։

«Ինքս ինձ համար շատ դասեր քաղեցի՝ կապված նկարահանման գործընթացի հետ», – ասում է փոխանակման ծրագրի անդամներից Լյուբով Մարտինեցն Ուկրաինայից ու շարունակում, – «Հիմա արդեն գիտեմ, թե ինչին է պետք ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Սա իմ առաջին նման գործն էր եւ հսկայական փորձ տվեց, ինչը հույս ունեմ օգտագործել շատ շուտով՝ մյուս վավերագրական ֆիլմիս վրա աշխատելիս»։

Երրորդ՝ վերջին ծրագիրը եւս ռուս-ուկրաինական էր. Ուկրաինան ներկայացնող Օկսանա Պոտապովան եւ Նինա Խոդորիվսկան («Թատրոն՝ երկխոսության համար» հասարակական կազմակերպություն) այցելեցին ռուսական Նովոչերկասսկ քաղաքում գործող «Դոնի կանայք միության» իրենց գործընկերներին։ Այնտեղ հանդիպումներ կազմակերպվեցին հակամարտության պատճառով Արեւելյան Ուկրաինայից ՌԴ գաղթածների, այլ հասարակական կազմակերպությունների եւ «Դոնի կանանց միության» թատերական խմբակների երիտասարդների հետ։ Վերջիններիս համար ուկրաինացի բանիմաց դասընթացավարները ֆորում թատրոնի վարպետության դաս անցկացրեցին նաեւ։

Ի տարբերություն ֆորում թատրոնի դասընթացների՝ մյուս հանդիպումները, դրանց մասնակիցների խոսքերով, բավականին բարդ ստացվեցին, սակայն դրանց արդյունքներն ակնհայտ էին։ Մասնավորապես, Ուկրաինայից վերաբնակեցվածներից մեկը ցանկություն հայտնեց տեղում հիմնադրել կին տեղահանվածների միություն, որտեղ յուրաքանչյուրը կարող է աջակցություն ստանալ, իսկ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին ռուս եւ ուկրաինացի ակտիվիստների միջեւ երկխոսություն ձեւավորելու, բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու, համատեղ ծրագրերի հնարավորությունները։

Բացի վերոնշյալից, ԱՐԵՆԱՅԻ հայկական մասնակիցներից մեկը հանդես է եկել իր սեփական նախաձեռնությամբ եւ պատրաստում է ռազմականացման խնդիրները վերհանող գրաֆիկական աշխատանքների շարք։ Դրանք առաջիկայում կներկայացվեն «Խաղաղության երկխոսության» կայքում։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել Արմինե Զաքարյանին՝ [email protected]

Ծրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

owen

«ԱՐԵՆԱ. համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus