ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Նոյեմբերի 23, 2015
meeting_in_peace_dialogue
© Լուսանկարը` Արթուր Մանուկյանի

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում ՀՀ ԶՈւ-ում մարդու իրավունքների իրավիճակի թեմայով հանդիպում-քննարկումը հանդիպումների շարքում առաջինն էր. բացի Լոռու մարզից, նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են ՀՀ եւս 4 մարզերում՝ Տավուշ, Վայոց Ձոր, Արարատ եւ Սյունիք։

Զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության վերաբերյալ իրազեկության բարձրացման ուղղությամբ կազմակերպության կողմից իրականացվող մեկամյա ծրագրի շրջանակներում նախաձեռնված վանաձորյան հանդիպմանը հրավիրվել էին համապատասխան պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, շահագրգիռ անհատներ։

Հանդիպման սկզբում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը նախ ներկայացրեց ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված այն հիմնախնդիրները, որոնք կազմակերպությանն ստիպել են նման ծրագիր իրականացնել, այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնց հանդիպում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն՝ այս բնագավառում աշխատանքներ իրականացնելիս։ Այնուհետեւ հկ-ի փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը ՀՀ ԶՈՒ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ համառոտ զեկույց ներկայացրեց, խոսեց ՄԻ խախտումների դրսեւորումների ու դրանց հետեւանքների մասին՝ բերելով զինվորական քրեական գործերով նախաքննության եւ քննության փուլերում ՄԻ ոտնահարման օրինակներ։

Փաստաբան Արթուր Սուքիասյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի 09/07/2015թ․ թիվ 9-Ն հրամանի (ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկ) իրավաչափությունը բողոքարկող, «Խաղաղության երկխոսության» կողմից նախաձեռնված դատական հայցի հետ կապված իրավիճակը. Ըստ «Խաղաղության երկխոսության»՝ նախարարի թիվ 9-Ն հրամանով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում» ներառված 42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկությունները «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախատեսված դրույթով գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ներառված չեն, չեն տեղավորվում օրենսդիրի կողմից սահմանված ձևակերպումների մեջ և չեն ապահովում օրենքի դրույթների իրականացումը:

Վերոնշյալ հրամանը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին եւ Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանավորվածությունների դրույթներին, խիստ սահմանափակում է ՀՀ քաղաքացիների կողմից ՊՆ գործունեության վերաբերյալ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունները եւ ակնհայտորեն շեղում պաշտպանական գերատեսչությանը ՀՀ կողմից որդեգրած՝ պետական մարմինների թափանցիկության ապահովման ուղուց:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաեւ «Խաղաղության երկխոսության» կողմից ստեղծված www.safesoldiers.am կայքը, որում մեկտեղված են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտման, ինչպես նաեւ 1994թ. կնքված հրադադարի պայմանագրից հետո համեմատաբար խաղաղ պայմաններում մահվան ելքով (կազմակերպությանը հայտնի դարձած) դեպքերի տեղեկատվական բազաներ։

usԾրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Տեսակետները, կարծիքներն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ պարտադիր չէ, որ արտացոլեն Պետդեպարտամենտի դիրքորոշումները։