“PEACE COUNTS” ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

Սեպտեմբերի 10, 2015
peacecounts

Գերմանական «Բերգհոֆ» հիմնադրամի “Peace Counts” մեթոդաբանության կիրառմամբ՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի ներկայացուցիչներ Աննա Զաքարյանը և Արտաշես Սերգոյանը, համագործակցելով իրենց վրացի և աբխազ գործընկերների հետ, դասընթացների շարք անցկացրեցին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Ներգրավված էին զինված ուժերում զոհված զինծառայողների ծնողներ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած ընտանիքների ներկայացուցիչներ, ինչպես նաև խաղաղասիրական ոլորտում ներգրավված երիտասարդներ և կանայք:

Դասընթացը բաղկացած է մի շարք բաղադրիչներից՝ թեմատիկ ցուցահանդես, հատուկ մեթոդաբանությամբ մշակված բազմաթիվ մուլտիմեդիա նյութեր, ինչպես նաեւ Peace Counts-ի ուսուցողական նյութերի փաթեթ, որը կոչվում է «Խաղաղասերներ ամբողջ աշխարհից»: Այս ծրագիրն իրականացվում է մոլորակի տարբեր աշխարհամասերում հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջաններում եւ երկրներում` նպատակ ունենալով ներկայացնել աշխարհի տարբեր անկյուններում իրականացված, խաղաղությանն ուղղված զանազան հաջողված նախաձեռնություններ՝ քաջալերելու համար մարդկանց իրենց իսկ համայնքներում նմանատիպ գործողությունների իրականացնել:

Մեթոդաբանության առանձնահատկությունն այն է, որ դասընթացների անցկացման ժամանակ առանձնահատուկ շեշտադրում է արվում այլոց հաջողված փորձից, մասնավորապես, կենսագրություններից սովորելու վրա: Վիզուալ բազմաթիվ տարրերն օգտագործվում են որպես մասնակիցների քննադատական ներգրավվածությունը ապահովելու միջոց` հատկապես հակամարտության, բռնության և խաղաղության թեմաների շուրջ քննարկում ծավալելու նպատակով:

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում նմանատիպ հանդիպումներ են կազմակերպվել Շուշիում, Ստեփանակերտում, Երևանում, Վանաձորում, Ալավերդիում և Բերդավանում: Մեկ այլ հանդիպում նախատեսված է նոյեմբերին՝ Գյումրիում: Այս աշխատանքային հանդիպումներին նախորդել է դասընթաց` դասընթացավարների համար, որն իրականացվել է Բերգհոֆ հիմնադրամի մասնագետների կողմից 2015 թ.-ի հունիսին՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի գրասենյակում: Այդ դասընթացի ընթացքում ապագա դասընթացավարները` կրթության ոլորտում, հասարակական կամ լրագրողական կազմակերպություններում ներգրավված անհատներ, բազմաթիվ գիտելիքներ եւ կարողություններ ձեռք բերեցին իրենց հետագա աշխատանքի համար:

Վրաստանից ժամանած դասընթացավար Ելենան նշում է, որ քննարկումները բավականին հետաքրքիր և բուռն են անցել. մասնակիցները խոսել են կրթության առավելությունների և խաղաղասիրական աշխատանքներում կանանց դերի մասին: Իսկ Ելենայի աբխազ գործընկեր Ջամիլա Անուան հավելում է, որ նա իսկապես հիացած էր, թե ինչ լրջությամբ էին մասնակիցները քննարկում խաղաղության և հակամարտությունների հետ կապված թեմաները: Քննարկումների մասնակիցներից ոմանք շեշտեցին խաղաղության կառուցման գործում գենդերային բաղադրիչի, ոմանք էլ` կրոնի ունեցած դերի կարեւորությունը: Մասնակիցներից շատերը կարեւորում էին ժողովրդավարական ինստիտուտների և ժողովրդավարական արժեքների դերը խաղաղության կառուցման գործում: Մասնակիցները նաև քննարկեցին, թե որն է անհատի եւ քաղաքացու դերը խաղաղասիրական գործընթացներում:

Հանդիպումների ավարտին մասնակիցներից ոմանք խնդրում էին իրենց տրամադրել Peace Counts-ի կողմից մշակված նյութեր՝ իրենց առօրյա ուսումնական պրոցեսում օգտագործելու նպատակով: Իսկ ոմանք էլ անգամ առաջարկեցին, որպեսզի Peace Counts-ի դասընթաց անցկացվի հատուկ ուսուցիչների համար, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ կերպով կիրառել տրամադրված մեթոդները և նյութերն իրենց ուսումնական ծրագրերում:

Բերգհոֆ հիմնադրամի այս և այլ ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել հիմնադրամի կայքը (http://www.peace-counts.org/english/):