ՍՈՎՈՐԵԼ՝ ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ

Մայիսի 15, 2015
Լուսանկարը` © 2015, ԽԵ, «Փորձի սիստեմատիզացիա» դասընթաց: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

Մայիսի 8-15-ը Թբիլիսիում կայացած փորձի սիստեմատիզացիայի դասընթացին ՌԴ-ի, Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունները ներկայացնող 15 մասնակից էր հրավիրվել։ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության եւ իր գերմանական գործընկեր ՕՎԵՆ-ի «ԱՐԵՆԱ․ համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» եռամյա ծրագրի (մեկնարկել է 2015թ.) շրջանակներում կազմակերպված այս առաջին աշխատանքային հանդիպման դասընթացավարները Մարինա Գրասսեն եւ Միրելլա Գալբիատտին էին։

«Ցանկանում եմ հնարավորինս խորը հասկանալ այս պրոցեսը: Արդեն գիտեմ, թե հաջորդ հանդիպման համար ինչ եմ անելու, ինչպես եմ պատրաստվելու», – ասում է վրացի մասնակիցնրից Ցիցինոն եւ շարունակում, – «Հիանալի է, որ հայտնվեցի այստեղ, քանի որ առանց սրա չէի կարող հասկանալ եւ գնահատել այն ծրագիրը, որի շրջանակներում աշխատում եմ հիմա: Ի դեպ, առաջին ծրագիրս չէ. տարիներ շարունակ աշխատում եմ, սակայն ամեն անգամ հարցնում էինք, էս ինչ բանը ստացվե՞ց, էն մյուսը ստացվե՞ց… դե լավ, որ չստացվեց՝ ոչինչ, ոչ մի անգամ չէինք խորանում, թե ինչի այս կամ այն բանը չհաջողվեց»:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է վերոնշյալ երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներից եւ անկախ գեղարվեստական գործիչներից բաղկացած ցանցի ստեղծում։ Ըստ ծրագրի նախագծողների՝ ցանցի մասնակիցներին ժամանակ առ ժամանակ հնարավորություն կտրամադրվի անհրաժեշտ այս կամ այն մեթոդի (տվյալ դեպքում՝ փորձի սիստեմատիզացիայի) վերաբերյալ գիտելիքներ ստանալ, արդյունքում՝ միասնական ռազմավարություն մշակել մարդու իրավունքների եւ խաղաղասիրության բնագավառում գեղարվեստական միջոցների օգտագործմամբ աշխատանք ծավալելու ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրն իր սեփական սպասումներով էր ժամանել, ոմանք՝ խաղաղասիրությամբ զբաղվող այլ կազմակերպությունների եւ անհատների հանդիպելու, նրանց ունեցած փորձը կիսելու ցանկությամբ, մյուսներին դասընթացի ճնշվածների թատրոնի հետ կապված բաղադրիչն էր առավել հետաքրքրել, ոմանք էլ համոզված էին, որ սիստեմատիզացիային վերաբերող հմտությունները հնարավորություն կտան առավել արդյունավետ ծրագրել իրենց եւ սեփական կազմակերպության աշխատանքային գործունեությունը։

Հանդիպման վերջում մասնակիցների հայտնած կարծիքների, տպավորությունների վերլուծությունից էլ ակնհայտ էր, որ կատարած աշխատանքներից քաղած դասերը եւս խիստ անհատական են՝ համապատասխան նախնական սպասումներին։ Մասնակիցներն իրենց հետաքրքրությունը նախագծի նկատմամբ հիմնավորում էին դրա մեկանգամյա գործողություն չլինելով եւ պատրաստակամություն հայտնեցին շարունակել հետագա համատեղ աշխատանքը:

Կազմակերպիչները ձգտել էին առավել տեսանելի դարձնել արտաքին միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունն իրականացվող ծրագրերի վրա: Թե ինչպե՞ս են անդրադառնում քաղաքական իրավիճակի փոփոխությունները կամ հակամարտության թեժացումը իրականացվող գործողությունների վրա, կամ ի՞նչ միջոցներ կարելի էր ձեռնարկել այս գործոնների ազդեցությունները նվազեցնելու համար` մասնակիցները դիտարկում էին սեփական փորձի վերլուծության միջոցով:

Օգոստոսին կայանալիք հաջորդ աշխատանքային հանդիպմանը նախապատրաստվելու համար մասնակիցները կփաստագրեն իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը կամ խաղաղասիրությանն ուղղված որեւէ ծրագիր, որում իրենք ներգրավված են։ Արդյունքները կվերլուծվեն արդեն հանդիպման ընթացքում։

Առավել մանրամասն տեղեկությունների համար գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեով․ [email protected]

owenԾրագրի գերմանական գործընկերն է՝ «Օվեն» հկ-ն (OWEN – Mobile Akademie für Geschlechterdemokratie und Friedensförderung e.V.)

«ԱՐԵՆԱ. Համայնքային թատրոն եւ հանրային արվեստ» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտի (ifa) “zivik” ծրագրի աջակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով:

02255

aus