«ԾԱՆՈՒՑԱԳԻՐ». ՏԵՍԱՁԵՌՆԱՐԿ ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փետրվարի 09, 2015
Լուսանկարը` © 2015, «Ծանուցագիր» ֆիլմի ցուցադրությունը «ԽԵ» -ում: Հեղինակ՝ Արմինե Զաքարյան

Փետրվարի 14-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գրասենյակում կայացավ ՊԱՔՍ (PAX) կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Ապահով զինվորներ`անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում պատրաստված «Ծանուցագիր» անիմացիոն ֆիլմի առաջին հանրային ցուցադրությունը: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 30 մասնակիցներ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես նաև՝ զինվորականներ և ավագանու ներկայացուցիչներ:

Ուսումնասիրելով տարբեր իրավախախտումների, այդ թվում՝ նաեւ մահվան ելքով միջադեպերի պատճառ հանդիսացող ոչ կանոնադրային հարաբերությունների առկայության նախադրյալները ՀՀ զինված ուժերում՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության աշխատակազմը հանգում է այն եզրակացության, որ դրա պատճառներից մեկն էլ կարող է լինել թե՛ սպայակազմի, թե՛ ժամկետային զինծառայողների սեփական պարտականությունների ու իրավունքների վերաբերյալ բավականաչափ տեղեկացված չլինելը։ Ըստ էության, ֆիլմը զինված ուժերում մարդու իրավունքների մասին իրազեկող մի տեսաձեռնարկ է:

Այն պատմում է մի տղայի մասին, որը շուտով պետք է բանակ զորակոչվի: Թե ի՞նչ իրավունքներ ունի զինծառայողը զինված ուժերում, այդ մասին նրան պատմում է սեփական պապիկը:

Տեսաձեռնարկը դիտելուց հետո միջոցառման մասնակիցներից Լևոն Չիլինգարյանը նշեց, որ ֆիլմը պարունակում է տեղեկատվություն մարդու իրավունքների վերաբերյալ, ինչը ողջունելի է, քանի որ այն կբարձրացնի թեմայի շուրջ հանդիսատեսի իրազեկվածության մակարդակը:Հանդիսատեսի հավանությանն արժանանալու դեպքում բացառված չէ, որ ֆիլմը կցուցադրվի մի շարք կրթական հաստատություններում, ինչպես նաեւ՝ այլ ՀԿ-ներում: Պարտադիր զինվորական ծառայություն արդեն անցած մասնակիցներից ոմանք շատ կարեւորեցին նման ֆիլմերի առկայությունը եւ տարածումը:

«Խաղաղության երկխոսության» ղեկավար Էդգար Խաչատրյանն, անդրադառնալով տեսաֆիլմի թիրախ խմբերին, ասում է. – «Մեր հիմնական թիրախը եղել են նախազորակոչային տարիքի երիտասարդները: Հույս ունենք, որ մոտ ապագայում, եթե իհարկե, տեսաֆիլմը ուշադրության և հետաքրքրության արժանանա, կփորձենք այն տարածել դպրոցներում: Կարծում ենք՝ ֆիլմի միջոցով կկարողանանք պատանիների համար հնարավորություն ստեղծել ծանոթանալու իրենց իրավունքներին և քննարկումներ ծավալել իրենց հասակակիցների հետ՝ զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերող թեմաների շուրջ»:

Տեսանյութը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է նիդերլանդական Pax կազմակերպության աջակցությամբ:

pax– ը նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն: